Regional Co-operation for Cultural Heritage Development
რეგიონალური თანამშრომლობა კულტურული მემკვიდრეობის განვითარებისათვის
Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման
Національна політика щодо культурної спадщини
Mədəni irsin inkişaf Etdimilməsi üçün regional əməkdaşlıq
Рэгіянальнае супрацоўніцтва ў мэтах развіцця культурнай спадчыны
 
E- Journal №1
Archaeological Heritage
ԱՐԴԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մկրտիչ Հ. Զարդարյան Պատմ. գիտ. թեկնածու,
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի
Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ,
“ԻԿՈՄՈՍ – Հայաստան” -ի անդամ

1. Շաղաթ 

Ներկայիս Հայաստանի հարավ-արևելքը պատկանում է հնագիտորեն սակավ ուսումնասիրված շրջանների թվին: Մինչդեռ, այս մարզի` հայոց պատմական Սյունիք նահանգի, նշանակությունը բուն Հայաստանի և հարակից երկրների պատմության ոլորտում դժվար է գերագնահատել: Հազարամյակներ ի վեր, տարբեր բնական ռեսուրսներով, հաղորդակցային ու դեմոգրաֆիկ պոտենցիալով աչքի ընկնող այս տարածաշրջանը եզակի դեր է ունեցել Մերձավոր Արևելքի կենտրոնական և հյուսիսային շրջանների տնտեսա-մշակութային և քաղաքական կյանքում:

Սյունիքի պատմական նշանակության և վերջինիս ուսումնասիրվածության աստիճանի միջև առկա խզման լրացմանն ուղղված առաջին համակարգված քայլերը նախաձեռնվեցին 21-րդ սկզբներին միայն: Դրանցից առաջինը` Գոդեձորի հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն էր, որի շրջանակներում սկսվեցին Ք. ա. V-IV հազարամյակների յուրահատուկ բնակավայրի սիստեմատիկ պեղումները:

Երկրորդը` “Որոտան” հայ-ամերիկյան համատեղ ծրագիրն էր,[1] որի շրջանակներում` 2005-2008 թթ-ին նախաձեռնվեցին Սյունիքի առաջին համալիր հնագիտական ուսումնասիրությունները, որոնք շարունակվում են նաև “Որոտան”-ի ավարտից հետո: Այս ծրագրի հետազոտությունները նպատակամղված էին Սյունիքի պատմական Ծղուկ` ուրարտական Ծուլուկու գավառում հնագիտական տարբեր ժամանակաշրջաններում գործող հասարակությունների պատմա-մշակութային առանձնահատկությունների, նրանց կողմից բնամիջավայրի յուրացման մեթոդների հանգամանալից լուսաբանմանը:

Բացի այդ, ՀՀ-ում մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող օրենսդրության և վերջինիս կիրարկման մտահոգիչ անկատարության պայմաններում` Սյունիքի մարզում իրագործվող ակտիվ և որպես “կանոն”` անվերահսկելի տնտեսական գործունեությունը հանգեցնում է հնագիտական հուշարձանների նշանակալի խաթարմանը: Նման պարագաներում`  “Որոտան”-ի ուղղվածությունն ունեցող հետազոտությունները, գիտական նպատակներին զուգահեռ` ձեռք են բերում նաև փրկարարական գործառույթ:

Ծրագրի հիմնական նպատակների թվում էին. ընտրված ողջ շրջանի հնագիտական հուշարձանների հետախուզումը (որոշակի մեթոդաբանական համակարգի կիրառմամբ) և ճշգրիտ թվային քարտեզագրումը, առանձնակի կարևորության օբյեկտների պեղումները, դրանց արդյունքների հիման վրա` ուսումնասիրվող շրջանի բացարձակ ժամանակագրական սանդղակի ստեղծումը, հնագիտական ու ճարտարապետական տվյալների, ինչպես նաև հնա-մարդաբանական, հնա-կենդանաբանական, հնա-բուսաբանական նյութերի համակարգված հետազոտությունը, հնում օգտագործված հումքի (քար, կավ և այլ) աղբյուրների հետախուզումը, հաղորդակցման ուղիների ճշգրտումը և այլն:[2]

Ինչ վերաբերում է բուն հնագիտական պեղումներին, ապա, հաշվի առնելով ծրագրի լայն ժամանակագրական ընդգրկումը, դրանք կենտրոնացվեցին գերազանցապես այն հուշարձաններում, որոնց նախնական հետախուզումը բացահայտել էր զգալի շերտագրական բազմազանություն: Բացի այդ, հուշարձանների ընտրության հարցում առանձնակի ուշադրություն դարձվեց նրանց հարաբերակցմանը Սյունիքով անցնող պատմական ճանապարհներին, ինչը ենթադրում էր ուսումնասիրվող տարածքի տնտեսա-մշակութային կապերի լուսաբանման հնարավորությունը: Կարևորվեցին նաև ընտրված հուշարձանների կառուցապատման և ամրաշինական առանձնահատկությունները: Հաշվի առնելով հոդվածի բնույթից բխող սահմանափակումները, ստորև կանգ կառնենք գերազանցապես Շաղաթ և Ույծ հուշարձանների պեղումների արդյունքների վրա:

1. Շաղաթ I-III հուշարձանախումբը, որի ուսումնասիրությունն ընթացավ 2005-2007 թթ-ին, գտնվում է համանուն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, Որոտան գետի և նրա Արագ-ջուր վտակի միախառնման մոտ: Այն զբաղեցնում է իրարից մոտ 0, 5 կմ հեռավորության վրա գտնվող երկու պարսպապատ բլուրներն (բարձր. ծ. մ. – 1785 և 1797 մ.) ու նրանց միջև ընկած սարահարթը` շուրջ 30 հա ընդհանուր տարածքով (Աղ. 1): Հայոց գրավոր աղբյուրներում Շաղաթը բնորոշվում է որպես վաղմիջնադարյան Սյունիքի հոգևոր և աշխարհիկ կենտրոնը:

Հուշարձանախումբը, ժամանակագրական և մշակութային առումներով` իրենից ներկայացնում է հնագիտական բարդ մի համալիր, որում ներկայացված են Միջին բրոնզեդարին (Ք. ա. XXV – XVI դդ.), ետ-ուրարտական` Վաղ Երվանդյան (Ք. ա. VII-V դդ.), ինչպես նաև Արտաշեսյան ու Արշակունյաց հայոց հարստությունների գահակալման շրջաններին (Ք. ա. II – Ք. հ. II դդ. սահմաններում) վերաբերող շերտեր:

Պեղումներն ընդգրկեցին եկու միջնաբերդերի գագաթներն ու նրանց միջակայքում ընկած բնակավայրի տարածքը: Շաղաթ I-ի պարսպը կառուցված է անմշակ տեղական բազալտից ու խոշոր գետաքարերից, կավաշաղախի օգտագործմամբ: Քարերից առավել խոշորներն ունեն տեղափոխման համար արված անցքեր: Պարիսպը շրջափակում է բլրագագաթը անկանոն բազմանկյան տեսք ունեցող օղակով, որի հարավային մասում տեղակայված է դարպասը: Պարսպի հաստությունը` 2.5 – 3 մ է, դարպասի բացվածքը` մոտ 2.5 մ: Բլրի համեմատաբար մատչելի արևելյան և հարավային լանջերը, պարսպից զատ` ամրացվել են երկու աստիճանաձև հենապատերով, որոնք, պաշտպանականից բացի, ունեցել են նաև պարսպի հիմքերի ապահովման գործառույթ:

Գագաթի հիմնական` CE-1 պեղավայրում հետազոտվեցին արևելյան պարսպին կցված քարաշեն, ուղղանկյուն բնակելի մի շինություն և հարավից նրան հարող երկրորդ բնակարանի հատվածը: Հատակին բացվեցին երկու քարե խարիսխներ` ծածկի փայտե սյուների ամրակայման համար: Ինքը ծածկը, դատելով բնակարանի հատակին ընկած այրված գերանների, տախտակների և երկաթյա գամերի առկայությունից, փայտաշեն էր, արտաքուստ պատված կավային “զրահով”:

Առաջին բնակարանի հատակում, հիմնաժայռի մեջ` փորված էին երեք պահեստային հորեր (երկուսը քարերով երեսպատված), որոնց բացվածքները փակվել են հատուկ սալերով, իսկ սենյակի անկյունում, նույն հատակի մեջ փորված մի այլ խորշում կանգնեցված է եղել երկկանթանի մոխրագույն մի կարաս:

Բնակարանի Հս-Ար անկյունում, ընդհուպ պատին` տեղակայված էր խորանարդաձև, քարաշեն վառարանը: Նրա երկայնակի հնոցը երիզված էր երկու ուղղահայաց նեղ քարերով, որոնց վրա նստած էր վառարանի հարթ ծածկը: Վերջինս պատրաստված էր հաստ (4 սմ), թրծած ուղղանկյուն մի կավասալից, որը շուրջանակի երիզված էր ցածր թմբիկով: Տևական օգտգործումից գերթրծված, այս կղմինդրատիպ ծածկը, կենցաղային այլ ֆունկցիաների հետ մեկտեղ` հավանաբար, ծառայում էր նաև հացաթխման համար:

CE-1-ում հայտնաբերված հնագիտական նյութերի համաձայն, ողջ կառույցը, չնայած բնակավայրի “միջնաբերդում” գտնվելու հանգամանքին, ուներ շարքային, կենցաղային գործառույթ: Դատելով բնակարանների հատակը ծածկող հաստ մոխրաշերտից ու կտուրի այրված դետալներից, այս բնակավայրը, կամ առնվազն նրա պեղված հատվածն ունեցել է դրամատիկ վախճան:

Ի հավելումն պեղումներին, ամրոցի արբանյակային ու օդանավային լուսանկարների համադրված քննությունն ու մակերեսային զննումները ցույց տվեցին, որ վերջինիս կառուցապատվել է արևելյան և արևմտյան պարսպագծերին ներսից կցված երկու բնակարանային համալիրներով, որոնք երկայնակի բաժանված էին Հր-Հս ուղղությամբ ձգվող միջանցքով. սա սկիզբ առնելով դարպասից, հատում էր ամրոցի ողջ ներքին տարածքը: Եվ CE-1 պեղավայրում բացված բնակարանները մասն են կազմել այս համալիրների, որոնց միավորների ընդհանուր քանակը հասնում էր շուրջ մեկ տասնյակի:

Անալիտիկ տվյալներն ու հնագիտական գտածոները վկայում են, որ կյանքն այստեղ հարատևել է Ք. ա. II դ. վերջի – Ք. հ. II դարասկզբի սահմաններում: Ավելի վաղ բնակությանը վերաբերող շերտեր այստեղ չեն գրանցվել, սակայն հիմնաժայռի ծալքերում ու հատակի լիցքում պահպանված առանձին նյութերը թույլ տվեցին ենթադրելու որ գագաթի վրա այն սկիզբ է առել դեռևս Ք. ա. VII - V դդ.: Հավանաբար, վաղագույն բնակությանը վերաբերող շերտերը հիմնովին մաքրվել են բլրի ժայռոտ մակերեսից` հետագա կառուցումների շրջանում: Այս վարկածը հաստատելու եկան բլրի հարավային և հյուսիսային լանջերի ուսումնասիրությունները (պեղավայրեր ST-1 և NS-1), որտեղ ի հայտ բերվեցին նշվաց շրջանի հրդեհված տնտեսական շինությունների մնացորդները:

Ամրոցի այս լանջային կառույցների թվագրության հետ հստակ ընդհանրություն գրանցվեց նաև բլրից արևելք ընկած սարահարթի հյուսիսային` NBD-10 պեղավայրում: Այստեղ բացվեց բնակավայրի հարթավայրային մասը շրջափակող պարսպի անկյունային հատվածը, շարված բազալտի զանգվածեղ, անմշակ բեկորներից, որոնցից առավել մեծերը, վերին ամրոցի քարերի նման` ունեին տեղափոխման անցքեր: Պարսպի այս մասը կառուցվել է ռելեֆի անկման գոտում և այն ջրի քայքայիչ կուտակումներից ապահովելու համար` նրա հիմքերի տակով անց է կացվել ջրահեռացման առվակ` շարված բազալտե բլոկներից և ծածկված տափակ սալերով:

Դատելով բացված պատի ուղղությունից և բնակավայրի ամրաշինական պահանջների տրամաբանությունից, ստորին պարիսպը միացել է բլուրը շրջափակող պատնեշին: Սարահարթի հարավային մասում ստորին պարսպի պահպանված մնացորդները համանման պատկեր են երևան բերում նաև բնակավայրի պաշտպանական համակարգի այս հատվածում ևս: Ինչպես ST-1 ու NS-1 պեղավայրերում, այստեղ նույնպես երևան եկան հրդեհի հետքեր:

Անսպասելի արդյունքներ ունեցան սարահարթի կենտրոնական մասի` NPG-16 պեղավայրի ուսումնասիրությունները: Բնակավայրի այս գոտում նշմարելի էին տարբեր քարաշեն բնակելի կառույցների հետքեր և բազմաթիվ, կրոմլեխներով շրջապատված փոքր կուրգանային դամբարաններ:[3] 2005-2007 թթ. պեղումների ընթացքում այստեղ ևս բացվեցին Ք. ա. VII - V դդ. բնակավայրի հետքերը:

Հիշյալ ժամանակաշրջանի ավարտին, այս բնակելի համալիրը, բլրի և սարահարթի հյուսիսային հատվածի շինությունների հետ մեկտեղ` ավերման է ենթարկվել: Այս ավերակների անմիջական հարևանությամբ, բացվեց մոտ 2.5 մ տրամագծով և 0.8 մ պահպանված բարձրությամբ, քարե հոծ, շրջանաձև մի շինություն, որի կառուցման համար մասամբ օգտագործվել էին քանդված բնակավայրի քարերը: Ուշագրավ է որ այս շինության խորը հիմքի տակ բացվեցին կանոնավոր պառկեցված երկու խոշոր շների ամբողջական կմախքներ: Սրանք, տեղակայվելուց հետո, ծածկվել էին հողով, այնուհետև` հողաքարային խառը լիցքով, որի վրա արդեն կառուցվել էր բուն շրջանաձև կառույցը:

Դատելով շինարարական մանրամասներից, կառույցը սկզբնապես ունեցել է զգալի բարձրություն` առնվազն 1.5 մ շրջակա հնագիտական մակերեսից բարձր: Ինչ վերաբերում է կառույցի ֆունկցիոնալ բնութագրին, ապա այն, ըստ ամենայնի, կապակցվում է Վաղ Երվանդյան բնակավայրի ավերումից հետո սարահարթի տարածքում տեղակայված Ք. ա. II - Ք. հ. II դդ. դամբարանադաշտի ծիսական գործառույթների հետ: Վերջիններիս հնարավոր տարբերակները բազմաթիվ են` դիաաշտարակ, հավաքական, կամ անհատական հուշարձան և այլ: Սակայն, անկախ այս տարբերակներից, ակնհայտ է “շրջանաձև կառույցի” պատկանելիությունը պաշտամունքային շինությունների թվին: Սա հաստատելու է գալիս նրա հիմքի տակ շների թաղման փաստը, որն ակնհայտորեն ձայնակցում է ինչպես անտիկ Հայաստանի ու, մասնավորապես Սյունիքի այլ դամբարաններում շների` խտոնիկ գործառույթ ունեցող կենդանիների զետեղման վկայությունների, այնպես էլ “Արալեզների” պաշտամունքի մասին հայկական աղբյուրների (Մովսես Խորենացի, Եզնիկ Կողբացի, Փավստոս Բուզանդ, Սեբեոս) հաղորդումների հետ:

Ինչ վերաբերում է դամբարանադաշտի և այդ թվում` հիշյալ կառույցի թվագրությանը, ապա դատելով սարահարթի ավերված դամբարաններից ստացված նյութերից (խեցեղեն, ուլունքներ, բրոնզե օձագլուխ ապարանջաններ), այն ձայնակցում է Շաղաթ I-ի գագաթային բնակավայրի ժամանակաշրջանին (Ք. ա. II – Ք. հ. II դդ.):

Շաղաթ I հուշարձանի բնակեցման վաղագույն շրջանին վերաբերող նշանակալի վկայություններ բացվեցին նույն NPG-16 պեղավայրի ստորին շերտերում: Այս եզակի բնակավայրը թվագրվում է Միջին բրոնզի ավարտական փուլով (Ք. ա. XVII – XVI դդ.) և բնորոշվում Թռեղք-Վանաձորյան, Սևան-Արցախյան և Կարմիրվանքյան մշակույթների միացյալ դրսևորմամբ: Բնակավայրն ապրել է ժամանակագրորեն իրար անմիջապես հաջորդած շինարարական երկու ենթաշրջան` քարի և հում աղյուսի օգտագործմամբ: Այս փուլերից վերջինի ավարտին, այն ենթարկվել է նշանակալի ավերածությունների և հրդեհման: Պեղումներով վկայվեց, որ Շաղաթ I-ի միջինբրոնզեդարյան բնակիչների տնտեսությունը հիմնված է եղել հավասարապես` անասնապահության (մանր և խոշոր եղջերավորների), ինչպես նաև բավականաչափ զարգացած երկրագործության վրա: Արհեստների ոլորտում` նշանակալի տեղ է զբաղեցրել տեղական օբսիդիանի մշակումը:

Շաղաթ III. Շաղաթի հնագիտական համալիրի երրորդ հուշարձանը գտնվում է հարթավայրային բնակավայրից արևելք ընկած ժայռոտ մեծ բլրի վրա: Բլրի գագաթին և լանջերին պահպանվել են պաշտպանական երկու գոտիների մնացորդները, ինչպես նաև ուրարտական և անտիկ ամրաշինության մեջ լայնորեն տարածված` դրանց հիմքերի համար նախատեսված ժայռերի աստիճանաձև հարթեցումները:

Բլրի ուսումնասիրության ընթացքում բացվեցին բնակարանի հատակ, ժայռափոր հոր և ուրիշ մի բնակարանի մի հատված` բոլորը հրդեհի հետքերով: Ըստ անալիտիկ տվյալների, այս կառույցները ևս թվագրվում են Ք. ա. VII-V դդ-ով:

Շաղաթ I – III համալիրի պատմա-հնագիտական նկարագիրն ամփոփելիս` առանձնանում են վերջինիս գոյատևման հետևյալ փուլերը.

- Միջին բրոնզեդարի ավարտական շրջան (Ք. ա. XVII – XVI դդ.). բնակավայրը զբաղեցրել է Շաղաթ I բլուրն ու արևելքից հարող սարահարթը,

- Վաղ Երվանդյան շրջան (Ք. ա. VII – V դդ.), բնակավայրը հասել է իր մաքսիմալ չափերին, գրավելով Շաղաթ I և III պարսպապատ բլուրները և միջանկյալ ամրացված սարահարթը: Վաղ Երվանդյան բնակավայրը հրկիզվում և հիմնովին ավերվում է (ներառյալ պարսպի մեծ մասը) Ք. ա. V դ-ի կեսերին:

- Արտաշեսյան-Արշակունյաց շրջան (Ք. ա. II – Ք. հ. II դդ.). երեքդարյա ընդմիջումից հետո` բնակավայրը վերականգնվել է լոկ Շաղաթ I-ի բլրագագաթի սահմաններում, իսկ հարթավայրում տեղակայվել է վերջինիս դամբարանադաշտը: Այս փուլի ավարտին` բնակավայրը ենթարկվել է վերջնական ավերման:

Հատկանշական է, որ նշված բոլոր փուլերի ավարտին` Շաղաթը դարձել է հարձակումների թիրախ: Այս հանգամանքը կարոտ է հատուկ ուսումնասիրության, ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային չափման պատմական իրադարձությունների համատեքստում:

            Դրա հետ մեկտեղ, Շաղաթ I–III հուշարձանախմբի ուսումնասիրված տարածքում միջնադարյան գտածոների լիակատար բացակայությունը գալիս է փաստելու որ, հակառակ տեղանվան ընդհանրությանը` հայկական գրավոր աղբյուրներում հիշատակված վաղմիջնադարյան նահանգային կենտրոնը չի կապակցվում տվյալ բնակավայրի հետ:

 

 

 


[1] 2005 թ-ին “Որոտան”-ի աշխատանքներն ընթացել են ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ԱՄՆ Միչիգանի համալսարանի համագործակցության շրջանակներում, իսկ 2006-ից` Բրաունի համալսարանի: Ծրագրի հայկական կողմի համաղեկավարներն էին պ.գ.թ. Մկրտիչ Հ. Զարդարյանը և ճարտ.թ. Արմեն Վ. Տոնիկյանը, ամերիկյան կողմինը` պրոֆեսորներ Սյուզան Էլքոքը և Ջոն Չերրին: 2010 թ-ից` հետազոտական ծրագիրը իրականացվում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ջանքերով (ղեկավար` ՀԱԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Մ. Հ. Զարդարյան):

[2] “Որոտան” ծրագրի շրջանակներում` անցած տարիներին իրագործված հետազոտությունների որոշ արդյունքների մասին` տես. Alcock S. E., Cherry J. F., Tonikyan A. V., Zardaryan M. H. The Vorotan Project, Armenia. In: “In the Field”. The Archaeological Expeditions of the Kelsey Museum. Kelsey Museum Publications # 4. Ann Arbor. Michigan. 2006. pp. 88-89; Zardaryan M. H., Tonikyan A. V., Alcock S. E., Cerry J. F. Les Investigations du Project “Vorotan” dans la Region de Syunik. In: Les Dossiers d’Archeologie. Mai-Juin 2007. # 321. Dijon. pp. 60-63; Зардарян М. О., Мелконян С. А., Тоникян А. В., Элкок С. Е., Черри Д. Ф. Исследования проекта «Воротан» в Сюникском регионе Армении. В: Международная научная конференция «Археология, этнология, фольклористика Кавказа». Батуми. 2006. сс. 93-96; J. F Cherry, S. W. Manning, S. E. Alcock, A. V.Tonikyan, M. H. Zardaryan. Radiocarbon Dates for the Second and First Millennia B. C. from the Southern Armenia. Preliminary Results from the Vorotan Project, 2005-2006. “Aramazd”. Armenian Journal of Near-Eastern Studies. 2007, Vol. II, pp. 52-72;Մելքոնյան Ս. 2005-2006 թթ. Շաղաթ I և III հուշարձանախմբի միջինբրոնզեդարյան բնակատեղիի պեղումների արդյունքներից. Հին Հայաստանի մշակույթը. XIV. Նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի. Երևան, 2008. էջ 149-154; ՀովսեփյանՌ., Մելքոնյան Ս. Շաղաթ I միջինբրոնզեդարյան բնակավայրում հնաբուսական նյութերի առկայության անալիզի տվյալները. Նույն տեղում, էջ 329-332; Զարդարյան Մ. Հ., Տոնիկյան Ա. Վ., Ալքոք Ս. Ի., Չերրի Ջ. Ֆ., Հակոբյան Ա. Մ. Անտիկ Սյունիքի ուսումնասիրությունը “Որոտան” ծրագրի շրջանակներում (2005-2006 թթ. հետազոտությունների արդյունքներից). Ակադ. Բ. Բ. Պիոտրովսկիի 100-ամյակին նվիրված գիտական ժողովածու. Երևան. 2009 (հրատարակության մեջ) և այլ:

[3] 2004 թ-ին “Որոտան” արշավախմբի կողմից հաշվառված այս դամբարանները եւ ստորին բնակավայրի մի մասը նախքան 2005 թ-ի պեղումները ոչնչացվեցին Շաղաթի տեղական ղեկավարության կողմից` ապօրինի հարթեցման արդյունքում: Եվ հուշարձանի այս հատվածի հետազոտությունը սկսվեց դամբարանների մնացորդների փրկարարական պեղումների նպատակով:

 

RCCHD Project:
Office 16b, Betlemi ascent, 0105 Tbilisi, Georgia
Tel.: +995 32 2-98-45-27
E-mail: rcchd@icomos.org.ge
© 2012 - Eastern Partnership Culture Programme