E- Journal №1 Archaeological Heritage ԱՐԴԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Մկրտիչ Հ.
Զարդարյան Պատմ. գիտ. թեկնածու, 2. Ույծ Ույծը հաջորդն է հնագիտական այն հուշարձաններից, որոնց պեղումները նախաձեռնվեցին 2006-2007 թթ-ին` “Որոտան” ծրագրի շրջանակներում և շարունակվեցին 2012-ին: Սիսյան քաղաքից արևելք, համանուն գյուղի եզրին գտնվող այս հուշարձանախումբը տեղակայված է Որոտանի կիրճի աջափնյա հրվանդանի և հարակից ժայռոտ բլուրների վրա (ծ. մ. 1575-1685 մ): Ոյծի բազմաշերտ, ամրացված բնակավայրն, իր երկու (Ար. և Հր-Ամ.) դամբարանադաշտերով հանդերձ, զբաղեցնում է ավելին քան 200 հա տարածք և ընդգրկում Միջին բրոնզից` մինչև Զարգացած միջնադար ընկած ժամանակահատվածը:[1] Խոշոր անտաշ քարերից շարված պարիսպներով շրջափակված բնակավայրը սփռված է մոտ 100 հա տարածքի վրա, ներառնելով առանձին պարիսպներով օղակված երեք բլուրներ և մի հրվանդան: Հուշարձանի մասն են կազմում նաև բլրաշարքի ստորոտի գետամերձ հյուսիս-արևելյան խանդակները: Պեղումներն այստեղ կենտրոնացվեցին բնակավայրի երեք տեղամասերում և հարավ-արևմտյան դամբարանադաշտի տարածքում (Աղ. 2): Դրանցից առաջինը (AT-1) տեղակայվեց բնակավայրի առաջին պաշտպանական գոտու խիտ կառուցապատված թաղամասի տարածքում: Այստեղ բացվեց քարաշեն, սալահատակ մեծ բնակարան, որի Հս-Ար. մասում կառուցված էր քիչ բարձրադիր, նույնպես սալածածկ հարթակ: Վերջինը շինության հիմնական տարածքից անջատված էր քարաշար կոլեքտորային առվակով: Բնակարանի, հարթակին կից պատի երկայնքով` շարված էր ևս մի “աստիճան”, որի վրա պահպանվել էին երկայնակի մսուրի հետքերը: Հայտնաբերված նյութերի և անալիտիկ տվյալների համաձայն` կառույցը վերաբերում է Ք. ա. XIII – XI դդ. և կարող է դասվել Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնի գլխատան վաղագույն օրինակների թվին: Ավերումից հետո, բնակարանն (գուցե և ողջ թաղամասը) այլևս չի վերագործարկվել և նրա տարածքն ընդգրկվել է հետագայի` Ք. ա. VII-V դդ դամբարանադաշտի սահմաններում: Դա են վկայում այստեղ բացված երեք “ջրհորատիպ” դամբարանները, շարված վերոհիշյալ` վաղերկաթեդարյան շինության քարերից: Սրանց կիսադատարկ խցերը, մարդկային և կենդանական մնացորդների հետ մեկտեղ, պարունակում էին Վաղ Երվանդյան շրջանի սակավաթիվ նյութեր: Թաղման ծեսի վերակազմության առումով` ուշագրավ էին դամբարաններից երկուսի (# 2, 3) ծածկի սալերի վրա կատարված ետթաղումնային զոհաբերության վկայությունները (ամբողջական մանր եղջերավորներ և խոզ): Հաջորդ տեղամասը (DT-2, 3) գտնվում էր Ույծի երկրորդ պաշտպանական գոտում ընդգրկված երկու բլուրներից առաջինի արևմտյան լանջին, պարսպի թիկունքում: Բնակեցման ժամանակագրության ճշգրտման նպատակով տարված հետախուզական աշխատանքները պարզեցին որ այս տեղամասի վերին շերտի կառույցները վերաբերում են Վաղ Երվանդյան շրջանին և ուղղակիորեն հարաբերվում են AT-1-ում բացված դամբարաններին: Նույն բլրի գագաթին 2012 թ-ին տարված պեղումների ընթացքում` բացվեց վերին պարսպին ներսից կցված տնտեսական մի կառույց (DT-4), որի կավով տոփանված հատակի վրա բացահայտվեցին հրդեհի և ավերումների ակներև հետքեր: Կառույցի կենտրոնում հատակի մեջ փորված էին քարաշար, ներսից կավով սվաղված երկու հացահատիկի հորեր` 2 մ խորությյամբ և 1,7 x 1,3 մ կտրվածքով: Դրանց, քարե կափարիչներով օժտված սալաշար ծածկերն ունակ էին հուսալիորեն ապահովելու հորերի պարունակության պահպանությունը: Հայտնաբերման պահին հորերը դատարկ էին, նրանց հատակներին միայն պահպանվել էին քայքայված հացահատիկի աննշան մնացորդներ: Այս հանգամանքը, հնագիտական այլ տվյալների համադրությամբ հանդերձ թույլ է տալիս ենթադրել որ գագաթի կառույցները հրդեհվել են նախորդ տարվա հացահատիկի սպառումից` մինչև նոր բերքի ամբարումն ընկած ժամանակահատվածում, թերևս, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ույծի առաջին պաշտպանական գոտուց հարավ-արևմուտք ընկած դամբարանադաշտի հետազոտման շրջանակներում` 2007 և 2012 թթ-ին պեղվեցին նաև այստեղ գրանցված փոքր դամբանաթմբերից մի քանիսը (BT-1, 2, 3): Դրանցից առաջինի քարե զրահի տակ բացվեց սալածածկ, օվալաձև քարարկղ, հետագայի կրկնական (իջեցուկ) թաղման ակնհայտ վկայություններով: Թաղումներից առաջինը վերաբերում էր Ք. ա. VII – V դդ-ին և մարդկային ոսկորներից բացի, պարունակում էր մանր ու խոշոր եղջերավորների, թռչնի և երկու շների մնացորդներ: Կրկնական թաղումը հիմնականում զբաղեցնում էր խցի արևելյան կեսը և մարդկային կմախքները նրանում ևս ուղեկցվում էին վերը թվարկված կենդանիների նմանակների ոսկորներով: Ուղեկցող գտածոները (անագե հռոմեական հայելի, ապակյա սրվակ և բազմանիստ կնիք, մետաղյա ներքնաշերտով ապակյա ուլունքներ, բրոնզե զանգակներ և այլն), որոնք իրենց բազում զուգահեռներն են գտնում Գառնիի, Արտաշատի, Գորիսի և այլ հուշարձանների նյութերում, թվագրում են երկրորդ թաղումը Ք. հ. I դ. սկզբով: Նկատենք, որ BT-1 դամբարանը` Սյունիքում I դ. սկզբին Վաղ Երվանդյան դամբարանների կրկնական օգտագործման միակ օրինակը չէ. ժամանակագրորեն նույնական մի թաղում 1988 թ-ին պեղվել էր Ույծից ոչ հեռու` Սիսյան քաղաքի տարածքում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ույծի դամբարանում փաստված շան ծիսական գործառույթը մնում է անփոփոխ` իրարից մոտ հինգ հարյուրամյակով բաժանված երկու թաղումներում էլ: Հավատալիքների այս շերտի կայունությունը մասնավորապես անտիկ Սյունիքում հաստատելու է գալիս նաև Շաղաթ I-ի ծիսական աշտարակի հիմքի տակ շների վերոհիշյալ թաղման փաստը: Հարավ-արևմտյան դամբարանադաշտի 2012 թ. ուսումնասիրությունների ընթացքում պեղվեցին մի քանի այլ դամբարաններ, որոնցից առավել հետաքրքրականն (BT-3abc) իրենից ներկայացնում էր “երկհարկ” համալիր. Ք. ա. VII – V դդ հիմնահողային դամբարանի վրա հետագայում կառուցվել էր ևս մեկը` այս անգամ “քարարկղ”, առանց վաղագույնի խաթարման: Իր հերթին, արդեն անտիկ ժամանակաշրջանի վերջում, երկրորդ` վերին դամբարանը մասամբ ավերվել է գրեթե նույն տեղում “կենոտաֆ”-դամբանաթմբի կառուցման արդյունքում: Քննվող տարածքում դամբարանների նման խտությունը տեղիք է տալիս ենթադրելու, որ ինչպես վաղերկաթեդարյան շրջանում, այնպես էլ բնակեցման հաջորդ փուլերում Ույծը աչքի է ընկել բնակչության նշանակալի քանակով: Թերևս, հենց այս հանգամանքն է դարձել դամբարանադաշտի տարածքի նման` “ռացիոնալ” օգտագործման պատճառը: Դատելով տարված հետազոտությունների արդյունքներից, Ույծի տարածքային և ժամանակագրական գոտիավորումը, ներկայանում է հետևյալ կերպ. - Վաղագույն, մասնավորապես միջինբրոնզեդարյան բնակավայրը զբաղեցրել է Որոտանի կիրճի ստորին` հյուսիսային հարթակը (դեռևս չպեղված) և վերին հրվանդանի վերջնամասը: Այս նույն տեղամասերում առկա են նաև Անտիկ շրջանի շերտեր, իսկ բուն հրվանդանը ներկայանում է նաև իր միջնադարյան բնակավայրով. - Կենտրոնական երկու պարսպապատ բլուրները (D տեղամաս) ցուցադրում են Վաղ Երվանդյան, և մասամբ դրան հաջորդող շրջանի բնակության հետքեր. - Պաշտպանական առաջին գոտում ընդգրկված, հուշարձանի հիմնական, առավել խիտ կառուցապատված A տեղամասը վերաբերում է գերազանցապես Վաղ երկաթեդարին: Հետագայում այն ընդգրկվել է Երվանդյան դամբարանադաշտի տարածքում. - Թերևս, այս երկու ժամանակաշրջաներով է թվագրվում նաև առաջին պարսպագծից արևելք տարածվող մեծ դամբարանադաշտը: Այս տարածքում առկա են նաև մեկուսի կանգնած մոնումենտալ կառույցներ. - Նույն պարսպից հարավ-արևմուտք ընկած դամբարանադաշտը (BT-1 և այլ) ընդգրկում է արդեն Երվանդյան և Արտաշեսյան-Արշակունյաց ժամանակաշրջանների թաղումներ: Ըստ ամենայնի, այս շրջաններին վերաբերող բնակավայրը տեղադրված է եղել հյուսիսային հրվանդանի և D տեղամասի բլուրների վրա: Սյունիքի ընթացիկ հետազոտությունները հնարավորություն են ընձեռում առաջադրել որոշ նախնական եզրակացություններ այս պատմական նահանգի արևմտյան շրջանների (Ծղուկ, Այլախ գավառներ) հնագիտական մշակույթների և պատմա-տնտեսական զարգացման օրինաչափությունների վերաբերյալ: Այսպես, աչքի է ընկնում ուսումնասիրված շրջանում միջինբրոնզեդարյան հուշարձանների, մասնավորապես բնակավայրերի, խտությունը (Շաղաթ I, Շաքէ, Ույծ, Բալակ, հուշարձաներ # 9, 24 և այլ): Հակառակ դրան, նույն տարածքում առ այսօր չի գրանցվել Ուշ բրոնզին վերաբերող և ոչ մի հուշարձան: Այս փաստերը հիմք են ծառայում Արևելյան Հայաստանի պատմա-մշակութային “գոտիավորման” խնդիրների ճշգրտման համար: Ակնառու են Սյունիքի բնակավայրերի կառուցապատման և շինարարական տեխնիկայի ստանդարտացման տարրերը: Դրանցից Երվանդյան շրջանին վերաբերողները` հիմնականում կառուցված են հարթեցված և արհեստականորեն խանդակավորված բլուրների վրա և ունեն մեկ համակարգում ինտեգրված երկու` բլրագագաթի և ստորին բնակավայրի, պաշտպանական գոտիներ (Շաղաթ I, Բալակ, Շաքէ և այլ): Բացառությամբ միջինբրոնզեդարյան կառույցների, որոնցում նկատելի է հում աղյուսի օգտագործումը, բոլոր հաջորդող շրջանների շինությունները քարաշեն են, կավաշաղախի կիրառմամբ: Ընդ որում, Մրջին բրոնզից մինչ Միջնադար, բոլոր մոնումենտալ կառույցներում օգտագործված խոշոր քարերն ունեն տեղափոխման նպատակով արված անցքեր: Հատուկ ուշադրության են արժանի պեղված հուշարձանների խեցեգործական արտադրանքի բնութագրերը: Եթե Սյունիքի միջինբրոնզեդարյան խեցեղենի տիպային խմբերն ու նրանց զարգացումը համահունչ են Հայկական լեղնաշխարհի այլ շրջանների համաժամանակյա օրինաչափություններին, ապա Վաղ երկաթեդարի ավարտից` արտադրանքի այս ոլորտում արմատավորվում են ընդգծված պահպանողականության որոշակի տենդենցներ (նույն երկաթեդարյան ավանդույթների համատեքստում), որոնք հարատևում են մինչև Անտիկ դարաշրջանը ներառյալ: Հետազոտված հուշարձաններում աչքի է ընկնում նաև այն հանգամանքը, որ պատմա-հնագիտական բոլոր գրանցված ժամանակաշրջանների ավարտին` բնակավայրերում վկայվում են ավերածությունների և հրդեհների հետքեր: Այս ուշագրավ փաստը, որը դեռևս կարոտ է նպատակային ուսումնասիրության, այլ հանգամանքների թվում, կարող է արդյունքը լինել Սյունիքի` “Հարավ-Հյուսիս” հաղորդակցման առանցքի վրա գտնվելու հանգամանքի, որն իր տնտեսական առավելություններով հանդերձ, հաճախ դարձնում էր այս տարածաշրջանը միգրացիոն ալիքների “հաղորդիչ” և ներխուժումների թիրախ: Նման գործընթացները, դատելով հայկական և օտար գրավոր աղբյուրների տվյալներից, ակտիվանում են հատկապես Ք. ա. I հազարամյակի սկզբներից և շարունակվում հետագայում, կապվելով Հյուսիսային Կովկասից` մինչև Հայկական լեռնաշխարհ ու Իրանական սարահարթ ընկած տարածաշրջանում տեղ գտած տնտեսա-մշակութային, դեմոգրաֆիկ և քաղաքական գործընթացների հետ: Նշված համատեքստում, հարկ է անդրադառնալ նաև Սյունիքը, մասնավորապես Ծղուկ գավառը, արտաքին աշխարհի հետ կապող որոշ ճանապարհներին: Դրանցից մեկն անցնելով Անգեղակոթի հովտով (ընդհուպ Շաղաթին), Սիսյանի լեռնանցքով իջնում էր Նախիջևան և, կտրելով Արաքսը, տանում դեպի Իրան և Միջագետք: Այս ուղու ակտիվ գործարկումը վկայված է ինչպես Ք. ա. I հազարամյակի, այնպես էլ Միջնադարի[2] ժամանակագրական շրջանակներում: Սակայն, դատելով հնագիտական տվյալներից, վերջինիս օգտագործումը սկիզբ է առել դեռևս Ք. ա. V-III հազարամյակներում:[3] Ըստ ամենայնի, նույնքան վաղ պետք է գործարկված լինեին նաև այս ճանապարհի հյուսիսային և հյուսիս-արևելյան ճյուղերը, որոնք, ըստ միջնադարյան աղբյուրների, անցնելով Սևանի ավազանով, տանում էին դեպի Արցախ և հաջորդիվ` Արևելյան Կովկասի լեռնանցքները: Սյունիքի հնագիտական հուշարձանների համալիր ուսումնասիրության ակնառու արդյունքներն ավելի ևս կաևորում են նրանց դերը Հայաստանի և հարակից շրջանների մշակույթի և պատմության լուսաբանման ասպարեզում: Այս առումով, պատմամշակութային արժեքների պահպանության խնդիրները, բուն հայկական չափման հետ մեկտեղ, ձեռք են բերում նաև այլ` առնվազն միջտարածաշրջանային նշանակություն: Մինչդեռ, այս ոլորտում առկա են նշանակալի բացթողումներ, որոնք վտանգում են նշված արժեքների գոյությունն անգամ: Պետական գործառույթների շրջանակներում` այդ բացթողումները դրսևորվում են հուշարձանների պահպանությանը միտված օրենսդրական հենքի անկատարության և հատկապես` այդ օրենքների կիրարկման ոլորտում, երբեմն հասնելով օրենսդրականսաբոտաժի մակարդակի: Բավական է նշել, որ Սյունիքում հուշարձանների վնասման ակնհայտ փաստերի կապակցությամբ հարուցված դատական և ոչ մի գործ առ այսօր չի հասցվել միանշանակ դատական որոշման: Բացի այդ, մարզում իրականացված հանրապետական և մարզային նշանակության տնտեսական բազմաթիվ ծրագրերից (խողովակաշարերի, ճանապարհների կառուցում, հանքահանություն, հիդրոէներգետիկ, և գյուղատնտեսական նախաձեռնություններ և այլ) եզակիներում է միայն որ հաշվի են առնվել (այն էլ գերազանցապես նոմինալ կերպով) տվյալ տարածքներում առկա պատմամշակութային արժեքների ուսումնասիրության և պահպանության հարցերը: Այս ծրագրերը գերազանցապես իրարանացվում են առանց հնագիտական էքսպերտիզայի և մասնագիտական վերահսկման: Մշակութային հուշարձանների ապահովման ոլորտում նշանակալի արգելքներ է հարուցում նաև վերջիններիս ճշգրիտ քարտեզագրման խնդրում առկա բացթողումները, որոնք հաճախ հանգեցնում են հուշարձանների իրական տարածքների և նրանց պաշտոնական պահպանական գոտիների անհամապատասխանությանը: Վերջին տարիներին Սյունիքում զգալիորեն ակտիվացել է նաև գանձախուզությունը: Այս փաստը, որը մի կողմից` արդյունքն է տեղական բնակչության վատթար սոցիալական պայմանների, իսկ մյուսից` հուշարձանների պահպանության համակարգի անկատարութան և հատկապես իրավապահ մարմինների վերոհիշյալ անգործության, վտանգում է մշակույթի անշարժ արժեքների գոյությունը: Բերված հանգամանքները ընդգծում են այս ոլորտում համակարգային փոփոխությունների անրաժեշտությունը: Այլապես, Հայաստանի պատմական հուշարձաններով առավել հարուստ մարզերից մեկը տեսանելի ապագայում կկորցնի իր մշակութային նկարագիրը:
[1] Որոտանի կիրճի մյուս ափին, անմիջապես Ույծի դիմաց, գտնվում է միջնադարյան մի այլ ամրոց, հավանաբար`համաժամանակյա գրավոր աղբյուրներում հիշատակվող Սյունի-բերդը: [2] Зардарян М. О. Коммуникационная ось “Юг-Север” в системе внешних связей Армянского нагорья (I тыс. до н. э.).“Армянский гуманитарный вестник”. Вып. 2/3-I. Москва-Ереван, 2009. [3] Avetisyan P., Chataigner C., Palumbi G. The Results of the Excavations in Godedzor (2005-2006). Preliminary Report. “Aramazd”. Vol. I, 2006. ![]() |
![]() European Union EU is not responsible for the content of this website | |||||||||||
| ||||||||||||
|