E- Journal №3 Archaeological Heritage Էրեբունի ամրոց. Վտանգված ժառանգության օրինակ Էրեբունի ամրոցը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևելյան մասում, Արին բերդ բլրի վրա: 1950 թ. Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցման վավերագիրն էր: Հուշարձանի արժեքը կրկնապատկվեց, երբ ուրարտագետ Մ. Իսրայելյանի մեկնաբանման շնորհիվ այն դարձավ նաև Երևան քաղաքի ծննդյան, գիտական առումով` առաջին հավաստի վկայականը: Պատմությունը Էրեբունին կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: ՈՒրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):
Ամրոցի նկարագրությունը և ներկա տեխնիկական վիճակը Ամրոցը կառուցված է բնական ժայռի վրա, երկու կողմից անառիկ է, իսկ մուտքի կողմից շրջափակված է երեք շարք պարիսպներով, որոնք ամրացված են որմնահեցերով: Պարիսպների բարձրությունը հասնում է մինչև 12 մ, իսկ լայնությունը` 3.5 - 4.0 մ է: Պատերի ցոկոլային մասը անկանոն քարե շարվածք ունի, որոնց վրա բարձրանում են հում աղյուսաշար պատերը: Ամրոցի դիրքը նրան դարձրել է անառիկ, ինչպես նաև հնարավորություն է տվել կապ հաստատել Արարատյան դաշտում գտնվող այլ ուրարտական քաղաքների` Արգիշտիխինիլիի, հետագայում նաև` Թեյշեբաինիի հետ: Էրեբունի ամրոցից գտնված սեպագիր արձանագրությունները համառոտ հաղորդում են ուրարտական թագավորներ Արգիշտի I-ի և նրա որդու` Սարդուրի II-ի, ինչպես նաև Ռուսա III-ի շինարարական աշխատանքների մասին: <<Էրեբունին>> հրաշալի ճարտարապետական համալիր է` իր պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով: Բլրի հյուսիս-արևմուտքում է գտնվում ամրոցի պալատական շենքը` իր արքունի Susi տաճարով և բաց, սյունազարդ բակով, որոնք կազմում են միջնաբերդի կենտրոնական մասը: Դեպի հյուսիս աշխարհիկ շենքեր են, իսկ հարավում` տաճարի հետ առնչվող օժանդակ կառույցներ: Բլրի հյուսիսային մասում են գտնվում տնտեսական ու բնակելի շենքերը, որոնք դասավորված են ներքին բակի շուրջը` գրեթե բլրի ամբողջ թեքությամբ: Մի այլ կարևոր կառույց է մեծ տաճարը` ուրարտական դիցարանի գերագույն աստծո` Խալդի տաճարը, որն իր սյունազարդ սրահով զետեղված է միջնաբերդի հարավ-արևմտյան մասում: Պալատական մեծ դահլիճը տեղավորված է հրապարակից աջ, այն հետագա վերակառուցման ժամանակ վեր է ածվել տնտեսական կառույցի` կարասային սրահի, որտեղ մինչև այժմ պահպանված են կարասների հատակները. սրա երկու կողմում զինվորների կացարաններն են` նրան կից բնակելի և տնտեսական նշանակության կառույցներով: Տաճարի պատերը զարդարված են եղել զոհաբերության տեսարաններով, աստվածների երթով և ծիսական այլ պատկերներ ներկայացնող որմնանկարներով: Ամրոցի պատմամշակութային արժևորման գնահատականը տալիս` պետք է նշել, որ այն շարունակում է կենտրոնական Ուրարտուի և Միջագետքի շինարվեստի ավանդույթները: Ամրոցի տարածքում պեղման և ուսումնասիրման աշխատանքներ կատարվել են 1950-1968 թթ., այնուհետև ընդմիջումներով մինչև 2004 թ. և 2006 թ.-ից առ այսօր: Վերականգնման աշխատանքներ կատարվել են սյունազարդ բակին կից կառույցներում` 1980-ական թվականներին: Չնայած նրան, որ ներկայումս էլ շարունակվում են պեղման և ամրակայման աշխատանքներն, այնուամենայնիվ, հուշարձանը, մասնավորապես պալատական սենյակները, Խալդի տաճարը և որոշ սենյակների պատեր, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող կառույցներ:
Միջնաբերդի կառույցների տեխնիկական վիճակը Հիմքերը- որոշ տեղերում գոյություն չունեն, քանի որ պատերը դրված են ժայռի վրա, մնացած կառույցները շարվել են բազալտե և տուֆ քարերի համադրությամբ, պատերի դատարկությունը լրացրել են կավաշաղախով, ինչը հիմքին ամրություն է հաղորդել : Էրեբունիում հիմնապատերի բարձրությունը անցնում է 1 մետրից: Հիմնապատերը շարված են տուֆ և բազալտե քարերով, որոնց վրա բարձրանում է հում աղյուսի շարը` ամրացված կավաշաղախով: Երկար ժամանակ մնալով բաց երկնքի տակ` հուշարձանը հողմնահարվել է և ավերվել: Քանդվել են հուշարձանը շրջափակող պարսպից որոշ հատվածներ, ճաքել է պորտիկի /հյուրասրահի/ պատը, եղծվել այն զարդարող /վերարտադրված/ որմնանկարները, քանդվել է Խալդի տաճարի տանիքը, քայքայվել և ճաքել են պատերը, տեղ-տեղ հազիվ երևում են որմնանկարների /վերարտադրված/ հետքերը: Կառույցների հում աղյուսե պատերը, որոնց բարձրությունը պեղումներից հետո հասնում էր 2.5 – 3.0 մետրի, վերացել են, մնացել են սոսկ քարե հիմքերը: Պալատի և նրան հարող դահլիճի որմնազարդ պատերի վերակազմություն որմնանկարներից ևս հետք չի մնացել, պահպանվել են միայն ներկերի հետքերը: Քանդվել է պալատական սենյակների տանիքը և դահլիճի պատը: Պալատական 2-րդ սենյակը, որտեղ դեռևս պահպանված է աղյուսե պատը, փլվելու վտանգի տակ է: Ամրոցի ձախ կողմում, տնտեսական կառույցների մասամբ պահպանված հում աղյուսե պատերին ևս քայքայման վտանգ է սպառնում: Դրանք վերականգնման և ամրակայման կարիք ունեն: Վերջին տարիներին վերսկսվել են միջնաբերդի պեղումները, հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից: Ֆրանսիական արշավախումբը, որտեղ աշխատում էին նաև հայ հնագետներ, 2010 թ. Խալդ աստծո տաճարի հարևանությամբ բացեց, հավանաբար, պաշտամունքային նշանակության մի կառույց: Այս կառույցին կից բացվող սենյակից գտնվեցին որմնանկարներ, որոնք թափվել էին հատակին, հավանաբար պատը փլվելու ժամանակ; ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Ստրոնախի կողմից հայտնաբերվեց Խալդ աստծո տաճարին կից որմնանկարներով զարդարված խորշ, որմնանկարները տեղափոխվեցին թանգարան, վերականգնվեցին, ամրակայվեցին` հետագայում, հարկ եղած դեպքում, նորից խորշում տեղադրելու և ցուցադրելու համար: Չնայած ֆրանսիական արշավախմբի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, այսուհետ պեղումներին զուգընթաց տարվելու են վթարային հատվածների վերականգնման և պեղված հատվածների ամրակայման աշխատանքներ, սակայն իրենից բացառիկ արժեք ներկայացնող պատմահնագիտական արգելոցի գոյատևումը վտանգված է: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել, ամրակայել ու պահպանել երեքհազարամյա պատմություն ունեցող միջնաբերդը: Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը առայժմ թաքցնում է շատ գիտելիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրումը մեծապես կլրացնի «Էրեբունի» ամրոցի պատմությունը: Արաքսի Մեշինյան ![]() 1: Էրեբունիի հիմնադրման սեպագիրը ![]() 2: Էրեբունի ամրոցի ընդհանուր տեսքը` Արին բերդ բլրին ![]() 3: Էրեբունի ամրոցի պարիսպները ![]() 4: Սյունազարդ դահլիճը ![]() 5: Խալդիի տաճարի քանդված տանիքը |
![]() European Union EU is not responsible for the content of this website | |||||||||||
| ||||||||||||
|