E- Journal №3 Archaeological Heritage Վիշապաքարեր. Հայաստանի բարձրադիր հուշարձանները և նրանց պահպանության խնդիրը Սահմանումներ Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք, Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են: Ակնհայտ է, որ վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են տեղական նյութից (հիմնականում բազալտ) և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` 1. ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով), 2. ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ), 3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները) (Նկ. 1): Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:
«Վիշապաքար» ծրագիրը Վիշապաքարերը հայտնաբերվեցին 19-20-րդ դդ. սահմանին և հետազոտվեցին տարբեր հեղինակների կողմից (Ատրպետ, Ն. Մառ, Յ. Սմիռնով, Ա. Քալանթար, Բ. Պիոտրովսկի, Գ. Ղափանցյան), որոնք ենթադրում էին, թե վերջիններս ջրաբաշխական համակարգերի հանգուցակետերին գտնվող հուշարձաններ են [1]: Հիմնական շեշտը վաղ շրջանի հեղինակների կողմից դրվում էր վիշապաքարերի խորհրդապաշտական բնույթի մեկնաբանության վրա` առանց էապես կարևորելու հնագիտական համատեքստը: Սույն հոդվածի հեղինակները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի հովանու ներքո, սկսեցին գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: 2012թ. ամռանը տեղի ունեցավ առաջին ճանաչողական հետախուզությունը, որի խնդիրն էր` 1. ստուգել նախկին հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, 2. ճշտել տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, 3. փորձել նոր վիշապաքարային միջավայրեր հայտնաբերելու հնարավորությունը [2]: Այս աշխատանքի արդյունքում մեր արշավախումբը տեղեկություններ հավաքեց 90 վիշապաքարերի մասին, որոնցից 53-ը հաջողվեց տեղայնացնել և փաստագրել: Ընդ որում, դրանցից 16-ը նախկինում անհայտ էին: Հիշյալ վիշապաքարերից 34-ն իրենց տեղում էին (in situ), այլապես մեզ հաջողվեց ճշտել նրանցից որոշների սկզբնական տեղադրությունը: 13 վիշապաքար տեղադրվեց իր անմիջական միջավայրում (in loco)` այսինքն նախնական տեղադրությունից մի քանի մետր հեռու, կամ աշխարհագրական այն կոնկրետ միջավայրում, որում նրանք նախապես կանգնած են եղել: Հավաքած տվյալները հնարավորություն են տալիս ավելի մոտենալ վիշապաքարերի գործառույթին, տարածման առանձնահատկություններին և թվագրությանն առնչվող խնդիրների լուծմանը: Հետախուզության ընթացքում պարզվեց, որ վիշապաքարերը գրեթե միշտ առնչվում են միջին չափսի կրոմլեխ-դամբանաբլուրների և նրանց անմիջական միջավայրի հետ, որը կարող է բաղկացած լինել` այլ դամբարաններից, ժայռապատկերներից, «օղուզի/հսկայի տուն/քյալաֆա» (աշտարակաձև կառույց/դամբարան) հիշեցնոց շինություններից, արհեստական քարակույտերից: Վիշապաքարերի մեծ մասը ընկած են իրենց տեղում` դամբարանի կամ դամբարանանման քարաշար պատվանդանի կենտրոնում: Ինչպես ցույց է տալիս իրենց նախնական տեղում գտնվող վիշապաքարերի տեղայնացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, վերջիններս գտնվել են հիմնականում ոչ թե դամբարանի կամ պատվանդանի կենտրոնում, այլ նրա անմիջական սահմանին` կրոմլեխի եզրագծին, որոշ դեպքերում, չի բացառվում, նաև` մասամբ կրոմլեխից դուրս: Հողաթմբով դամբարանի այն ձևը, որ տեսանելի է վիշապաքարերի միջավայրում, հայտնի է բրոնզի և երկաթի դարերի Հայկական լեռնաշխարհում: Վերջիններիս տարածումը ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա տիպական պիտի լիներ թերևս այն ժամանակահատվածների համար, երբ բարձր լեռնային շրջանները ձեռք են բերել որոշակի իմաստային և կիրառական բովանդակություն: Վերոհիշյալ տվյալներից ելնելով` կարելի է ենթադրել, որ վիշապաքարը գլխավորապես թաղման ծեսին առնչվող հուշարձան է: Վիշապաքարերի մեծ մասը հանդես է գալիս խմբերով` հստակորեն սահմանված գոգավոր մարգագետինների միջավայրում, ինչը էապես քչացնում է նրանց տեսանելիության աստիճանը: Ի տարբերություն այս` խմբված և հստակ սահմանված դամբարանադաշտերում տեղադրված վիշապաքարերի, արշավախումբը փաստագրեց փոքր քանակության (թվով 12) վիշապաքարեր նաև մեկուսացված դամբարանների համատեքստում: Այս «մենակյաց» դամբարանները կարող են տեղադրված լինել համեմատաբար գոգավոր մարգագետիններում, ինչպես նաև ավելի տեսանելի վայրերում: Վիշապաքարով դամբարանները մարմնավորում են բարձր լեռնային մակարդակի վրա գտնվող յուրահատուկ մշակութայնացված տարածքներ: Ենթադրելով, որ վիշապաքարերն իրենց մեջ կրում են որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն և պահպանում հնագույն մի հասարակության մշտական հիշողությունը, կարծում ենք, որ հանձինս վիշապաքարով դամբարանների պետք է տեսնել նախկինում անհայտ հուշարձանների յուրահատուկ մի տեսակ` բարձրաբերձ լեռներում առանձնացած ծիսական արարողությունների սրբազան մի միջավայր: Վիշապաքարային բարձրադիր ծիսական միջավայրի ամենակարևոր հուշարձանը Կարմիր Սարն է (Նկ. 2/1): Կարմիր Սարը կարմիր պեմզաքարի կոնաձև կուտակում է Արագածի լեռնազանգվածի հարավային լանջին, որի գագաթը հանդիսանում է սինկրետիկ սրբավայր (Զիարեթ)` տարածքը օգտագործող տարազգի/տարակրոն խմբերի համար: Ծիսական միջավայրը, դամբարանադաշտով հանդերձ, գտնվում է բուն Կարմիր Սարից դեպի արևմուտք, ծովի մակարդակից միջինում մոտ 2850 մ բարձրության վրա, ընդարձակ գոգահովտի ներքո, որի վիշապաքարերով բնորոշվող մակերեսը մոտ 40 հա է: Նրանց համար ովքեր բարձրանում են Արագածի բարձունքները, մինչև վերջին պահը մարգագետինը մնում է թաքնված կեղծ գագաթի ետևում: Հասնելով այնտեղ` բացվում է յուրահատուկ մի տեսարան Արագածի չորս գագաթների պատկերով հյուսիսարևելքում և ամպերից վեր խոյացող Արարատի պատկերով հարավարևմուտքում: Ստեղծվում է տպավորություն, թե այս մարգագետինը իր սեփական տիեզերքի կենտրոնն է: Կարմիր Սարի մարգագետնով անցնում են երկու գրեթե մեանդրաձև ընթացող գետակներ, որոնք մասնակիորեն ընդլայնված են մարգագետինը այցելող անասնապահների խմբերի կողմից և տեղ-տեղ վերածված ավազանների: Մարգագետնի կենտրոնական հատվածում մենք փաստագրեցինք ութ վիշապաքար իրենց տեղում կամ սկզբնական դիրքից ոչ հեռու, ինչպես նաև մեկ վիշապաքարի վերնամաս` համատեքստից դուրս: Նույնականացվեցին ևս երկու հողի մեջ թաղված երկարավուն քարեր, որոնք ամենայն հավանականությամբ վիշապաքարեր են: Վիշապաքարերից վեցը ակնհայտորեն առնչվում են դամբարանների հետ: Դամբարաններին պիտի առնչվեն նաև Կարմիր Սար 6-ը և 8-ը, որոնց շրջակա համատեքստը ջրաբերուկային հողով է ծածկված: Առանց վիշապաքարերի մի քանի դամբարանները խմբավորվում են դամբարանադաշտի շուրջ: Այսպիսով, Կարմիր Սարի դամբարանդաշտը ներառում է առնվազն ութ վիշապաքարերով դամբանաբլուրներ, հավանական է նաև ավելի: Սա վիշապաքարերի մինչ այժմ հայտնի ամենամեծ կուտակումն է մեկ պատմաաշխարհագրական միջավայրում: Ավելին, առվազն երեք վիշապաքարերի համատեքստը թվում է լավ պահպանված: Նորահայտ այս խմբի մեջ հատկապես ուշագրավ է Կարմիր Սար 1-ը, քանի որ այն միակ վիշապաքարն է, որի վրա պահպանվել են ժայռապատկերներ: Այս վիշապաքարն ընկած է դամբարանի մեջ, սակայն նրա դիրքը ցույց է տալիս, որ քարը մասամբ տեղաշարժված է: Ամենալավ պահպանված ժայռապատկերը ներկայացնում է երկար պոզերով այծ: Այծը ներգծվել է ցլագլխի մոտակայքում, և նրա տարբեր ուղղությամբ կողմնորոշումը խոսում է այն մասին, որ վերջինս ավելացվել է վիշապաքարի ընկնելուց/գցելուց հետո: Այս ժայռապատկերը բացառիկ հնարավորություն է տալիս հայկական ժայռապատկերների խնդիրը գոնե մասամբ հասկանալու համար` տվյալ դեպքում բրոնզեդարյան համատեքստում: Վիշապաքարերը ցուցաբերում են որոշակի առնչություն ժայռապատկերների հետ, առանձին դեպքերում կիսելով ընդհանուր պատկերագրություն: Բացի այդ, ժայռապատկերների որոշ խմբեր ի հայտ են գալիս վիշապաքարերի անմիջական միջավայրում, մասնավորապես Արագածի լեռնազանգվածում (Ահմադի Օբա 1) և Գեղամա լեռներում (Թոխմախան Գյոլ 1-5, Արշալույս 1, Մաղալներ 1): Սակայն Կարմիր Սար 1-ն այն բացառիկ դեպքն է, երբ ժայռապատկերային արվեստը հանդես է գալիս «շերտագրված» հնագիտական համատեքստում` ուղղակիորեն ներգծված լինելով վիշապաքարի վրա: Կարծում ենք, որ այս բարձրադիր ծիսական միջավայրերի հետազոտությունը էապես կավելացնի մեր գիտելիքները այն երևույթի մասին, որ սովորաբար կոչում են «լեռների ընտելացում», հանձինս որի պետք է հասկանալ բարձրադիր շրջանների բնական պաշարների շահագործման սկզբնավորումը և դրանից բխող լեռնային միջավայրի ձևափոխման/մշակութայնացման գործընթացը: Վիշապաքարերի պահպանության խնդիրը Վիշապաքարերին վերաբերող բազմաթիվ հարցերի մեջ, որ մեր ծրագիրը իր առջև է դնում, ամենակարևորներից է նրանց պահպանման և կոնսերվացման խնդիրը: Այս իմաստով ամենամեծ դժվարությունը կայանում է այդ հուշարձանների մեծ մասի անհասանելի տեղադրության մեջ, ինչը մի կողմից, թվում է թե ստեղծում է նախապայմաններ նրանց երկարակեցության համար` մարդկային ակտիվ գործունեությունից հեռու, սակայն, մյուս կողմից, ստեղծում է նաև դժվարություններ` նման հեռավոր միջավարերում պահպանության համար անհրաշեշտ ինֆրակառուցվածքի բացակայության պատճառով: Երկու տեսակի վտանգներ են տեսանելի վիշապաքարերի համար` նրանց ավերումը նախնական միջավայրում և տեղափոխումը ստորին/դաշտավայրային շրջաններ: Վիշապաքարերի տեղափոխումը և վերաօգտագործումը սկսվել է դեռևս վաղ շրջանում (հմմտ. Գառնի 1 վիշապաքարի` ուրարտական արքա Արգիշտի I-ի կողմից որպես արձանագրության հիմք օգտագործումը, Ք.ա. 8-րդ դ.), ավելի աշխուժացել միջնադարում (հմմտ. Աղավնատուն 1, 2, Կարմրաշեն 1, Փոքր Գիլանլար 1 վիշապաքարերը, որոնք օգտագործվել են որպես խաչքար [3]) և հատկապես 20-րդ դ. երկրորդ կեսին: Մասնավորապես անցած 50 տարվա ընթացքում բարձրադիր արոտավայրերից Երևան և այլ ենթաշրջաններ են տեղափոխվել 18 վիշապաքար, այդ թվում Արագածից (Դաշտադեմ 1, Դավթաշեն 1, Վերին Սասնաշեն 1,Պրոսպեկտ 1-5, Ղուռթ Թափա 1, 2), Գեղամա (Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3, 5, Լճաշեն 1) և Վարդենիսի (Սելիմ 1) լեռներից (հմմտ. Նկ. 3): Բացի այդ, հաճախ ոչ պաշտոնական անհատների կողմից վիշապաքարերի վերատեղադրման ընթացքում ոչ արհեստավարժ մոտեցում է դրսևորվել: Այսպես, բետոնե հիմքի մեջ գլխիվայր (գլուխը բետոնի մեջ) են դրված Դաշտադեմ 1, Դավթաշեն 1, Հայսերի Օբա 1, Պրոսպեկտ 2 և 3 վիշապաքարերը: Այլ միջավայրերում, ինչպիսին է նորահայտ Կարմիր Սարը, որոշ վիշապաքարեր վերաօգտագործման նպատակով կոտրվել են տեղացի կիսաքոչվորների կողմից (Կարմիր Սար 3, 5, 7, 9), կամ կոտրվել այլ անձանց կողմից` նրանց տեղափոխել փորձելու ընթացքում (Կարմիր Սար 4) (Նկ. 2): Թոխմախան Գյոլ 1-ը, որը վերականգնեցվել է իր նախնական տեղից ոչ հեռու, կոտրվել է վերականգնեցման ընթացքում և ավելի ուշ սոսնձվել է: Այն վիշապաքարերը, որոնք առկա են Հայաստանի հուշարձանների ցանկում և դրված են տարբեր վայրերում (հիմնականում թանգարաններ, այգիներ, որոնցից 6-ը Երևանում) չունեն ցուցանակներ (բացի Թոխմախան Գյոլ 2 և 5-ից, որոնք գտնվում են ք. Երևանի Նորքի II Զանգվածի այգում և անորոշաբար նշված են որպես «Սևանա լճի ավազանից»): Այն մարդիկ, ովքեր վերջերս տեղափոխել են վիշապաքարերն իրենց նախնական վայրերից, ունեցել են սուբյեկտիվ (վերատեղադրել` իրենց անձնական «գեղագիտական» պահանջմունքներից ելնելով, ինչպես օրինակ Պրոսպեկտ 4 ու 5-ն է, կամ հավերժացնել պատերազմում զոհված ընկերոջ հիշատակը, ինչպես Դավթաշեն 1-ի դեպքն է) և օբյեկտիվ (պահպանել` նրանց տալով երկրորդ կյանք կամ ներկայացնել հասարակությանը, ինչպես Պրոսպեկտ 1-3, Աժդահա Յուրտ 2, 5, 6, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3, 5, Լճաշեն 1, Սելիմ 1-ի դեպքում է): Սակայն երկու պարագայում էլ, անկախ նպատակից, հուշարձանները և նրանց նախնական համատեքստը խախտվել են: 2012թ. մենք հաջող կերպով փորձեցինք վերագտնել որոշ տեղափոխված վիշապաքարերի (Դավթաշեն 1, Պրոսպեկտ 1-5, Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3) նախնական վայրերը` օգտագործելով հին լուսանկարներ և համեմատելով դրանք ժամանակակից միջավայրերի հետ, կամ այցելելով վերջիններիս նախնական վայրերը` այն մարդկանց հետ, որոնք տեղափոխողների թվում են եղել (Նկ. 3): Այստեղ պետք է խոսել նաև մեկ այլ վտանգի` մասնավորապես դամբարանների թալանման մասին: Վիշապաքարերին առնչվող դամբարաններում 2012թ. դաշտային աշխատանքների ընթացքում մենք փաստագրեցինք վերջերս կամ ավելի վաղ իրականացված ոչ գիտական պեղումների յոթ դեպք: Դրանցից հինգը իրականացվել էին տեխնիկայի միջոցով` լիովին խաթարելով հնագիտական համատեքստը, մինչդեռ երկուսը (Գեղամա լեռներում), բացվել էին փորող գործիքների միջոցով: Հաշվի առնելով վիշապաքարերի բացառիկ արժեքը տարածաշրջանային և վերտարածաշրջանային համատեքստում` ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մշակութային ժառանգության պատասխանատու կազմակերպություններին խնդրում ենք ավելացնել իրենց հետաքրքրությունը վիշապաքարերի նկատմամբ և միջոցներ ձեռք առնել` վերջիններիս գոյությունը ապագա սերունդներին ապահովելու համար: Մասնավորապես առաջարկում ենք.
Գրականություն [1] Ատրպետ, Ճորոխի ավազանը, Վիենա 1929; Марр Н.Я., Смирнов Я.И., Вишапы, Ленинград 1931; Քալանթար Ա., Արագածը պատմության մեջ, Երևան 1933; Пиотровский Б.Б., Вишапы: Каменные статуи в горах Армении, Ленинград 1939; Капанцян Г., О каменных стелах на горах Армении, Ереван 1952. [2] Մանրամսան տեղեկությունների և կատալոգիզացման համակարգի մասին հմմտ. Gilibert A., Bobokhyan A., Hnila P. 2012, Dragon stones in context: The discovery of high-altitude burial grounds with sculpted stelae in the Armenian mountains, Mitteilungen der Deutschen Orient Gesellschaft 144, 93-132: [3] Կարմրաշեն 1 վիշապաքարի վրա արված և 990թ. թվագրվող մի հայկական արձանագրություն պատմում է այն մասին, թե ինչպես է այդ քարը հայտնաբերվել «աստվածային տեսչութեամբ» և, մեծ դժվարությամբ ներքև բերվելով, դրվել եկեղեցու մոտ. Շահինյան Ա., Վայոց ձորի վիշապ-կոթողները, Պատմա-բանասիրական հանդես 1, 286-289, 1976:
Արսեն Բոբոխյան, Ալեսանդրա Ջիլիբերտ Պավոլ Հնիլա ![]() 1. Վիշապաքարերի հիմնական տիպերը, Ա. Ջիլիբերտ. ![]() 2. Կարմիր Սարի միջավայրը (1) և Կարմիր Սար 4 (2) ու Կարմիր Սար 5 (3) վտանգված վիշապաքարերը. ![]() 3. Աժդահա Յուրտ 5. Լուսանկարը` Марр, Смирнов 1931, Таб. 8 (1); Լուսանկարը` մեր արշավախմբի 2012թ. (2); Սարդարապատի թանգարանի դիմաց կանգնած վիշապաքարը, 2012թ. (3). ![]() 4. Վիշապաքարերի տարածույթը և քանակը. ![]() 4. Վիշապաքարերի տարածույթը և քանակը. |
![]() European Union EU is not responsible for the content of this website | |||||||||||
| ||||||||||||
|