E- Journal №2 Cultural Heritage Policy Մշակութային ժառանգության պահպանության օրենսդրական հենքը Հայաստանում. Կատարելագործման անհրաժեշտությունը Գագիկ
Գյուրջյան «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»
կազմակերպության նախագահ Մենք բոլորս ունենք բացառիկ ու բազմազան ժառանգություն` պատմական հուշարձաններ, թանգարաններ, արխիվներ, գրադարաններ, երաժշտական ավանդույթներ, պատմություն և սովորույթներ: Մշակութային ժառանգությունն է պայմանավորում մեր առանձնահատկությունները, շեշտում այն ամենը` ինչը մեզ իրար է կապում և իրարից բաժանում: Գրեթե մեկ տասնամյակ առաջ մենք նշեցինք հանուն մշակույթի պաշտպանության ստեղծված կարևորագույն փաստաթղթերից Հաագայի և Եվրոպական մշակութային կոնվենցիաների 50-ամյակը. ասել է թե, արդեն շուրջ կես դարից ավելի է, ինչ ժառանգության պահպանությունը բարոյականից զատ նաև միջազգային իրավունքի նորմ է: Մեր, ժառանգության պահապաններիս, ջերեռանդությունն ու պատվախնդրությունը, որքան էլ, որ այն մեծ լինի, արդյունավետ է միայն ամուր օրենսդրական դաշտում: Այսօր ընդհանուր նպատակը մեկն է` մշակութային ժառանգությունը դիտարկել որպես կայուն-տևական զարգացման խթանիչ և միասին խորհրդածել մեր երկրներում ժառանգության պահպանության խնդիրների և հեռանկարների շուրջ: Այս համատեքստում էլ կներկայացվի մշակութային անշարժ ժառանգության պահպանության օրենսդրական դաշտն ու այսօրվա իրողությունները Հայաստանում` բերելով վերջին տասնամյակում արված ուսումնասիրությունների տվյալներ: Հայաստանը ևս հպարտանում է իր ժառանգությամբ, որն իր ուրույն տեղն է գրավում Համաշխարհային ժառանգության շտեմարանում: Այդ ժառանգության պահպանության մտահոգությամբ էլ, դեռևս 1923թ., ակադեմիկոս Ալ. Թամանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության հատուկ դեկրետով ստեղծվում է Հայաստանի Հնությունների և հուշարձանների պահպանության կոմիտեն` ձեռնարկելով հանրապետության տարածքի մշակութային անշարժ արժեքների հաշվառումը, նպատակ ունենալով ճշտել ոլորտի ընդգրկումը և սկսել բազմակողմանի ուսումնասիրությունը: 1920-ականների վերջերին արդեն ստեղծվում է Հայաստանի Հուշարձանների 1-ին ցուցակը, որում հաշվվում էին շուրջ 80 հնագիտական և ճարտարապետական արժեքներ: Կարևորելով ու պարբերաբար շարունակելով հաշվառման ու վավերագրման աշխատանքները, 30-ական թվականներին կազմվում է հուշարձանների նոր պետական ցուցակը` ընդգրկելով 300 հուշարձաններ: Այնուհետև, Հայրենական Մեծ պատերազմով և հետպատերազմյան դժվարություններով պայմանավորված, այս բնագավառում ձեռնարկվում են համեմատաբար համեստ քայլեր: Հայաստանի կառավարությունը մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման ու վերականգնման գործին առավել ուշադրությամբ սկսեց վերաբերել 70-ականների կեսերին, երբ Կառավարության 1978թ. ապրիլի 18-ի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի կառավարությանն առընթեր պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությունը, իսկ ավելի ուշ` կառավարության որոշմամբ սահմանվեցին ոլորտի հիմնարար խնդիրներն ու գործունեության ուղղությունները: Այդ խնդիրներից ամենակարևորն, իհարկե, հուշարձանների ընդհանուր հաշվառումն ու վավերագրումն էր, որի արդյունքում էլ 1983թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը հաստատեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Այդ ցուցակը ներառում էր 8865 հուշարձաններ և մինչև 2000թ. համարվում էր հանրապետության տարածքում պահպանության ենթակա անշարժ արժեքների ամենից ամբողջական փաստաթուղթը: Խորհրդային Միության կազմալուծումը քաղաքական և տնտեսական մեծ փոփոխություններ առաջացրեց նաև Հայաստանում: Եվ, թեև բավականին աննպաստ համատեքստում, անկախ Հայաստանի կառավարությունը հստակորեն ցանկություն դրսևորեց իրականացնել ազգային ինքնությունից բխող մշակութային քաղաքականություն, մասնավորապես միջազգային փորձին հաղորդակցվելու ճանապարհով, արդիականացնել ժառանգության պահպանության ոլորտի մասնագիտացված կառույցները, միանալ ի պաշտպանություն մշակութային ժառանգության ստեղծված միջազգային փաստաթղթերին և դրանց դրույթները հնարավորինս արդյունավետ տեղայնացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ: Շրջակա միջավայրի, պատմության ու մշակույթի հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանությունը ՀՀ Սահմանադրությունը հռչակեց որպես պետության պարտավորություն: Պատմամշակութային անշարժ և շարժական ժառանգության պահպանության, վերականգնման և հետագա օգտագործման պայմանների բարելավումը ճանաչվեց որպես մշակույթի բնագավառի ռազմավարական ուղղություն:
Ջանալով իր դերակատարությունն ունենալ ողջ մարդկության միջև բաշխված մշակութային ժառանգության պահպանության գործում, Հայաստանն արդեն վավերացրել է շուրջ մեկ տասնյակ կարևոր միջազգային կոնվենցիաներ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ`
Կառավարման ներկա համակարգում ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունն է, որ վերահսկում է անշարժ ժառանգության պահպանությունը հանրապետությունում: Վերջինս մշակույթի բնագավառի բարեփոխումների արդյունքում ստեղծված կառույց է և ժառանգորդն է խորհրդային տարիներին գործող կառավարությանն առընթեր Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության: Գլխավոր օրենքը, որ Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է մշակութային անշարժ ժառանգության բնագավառը, Ազգային ժողովի կողմից 1998-ին ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքն է` հարստացված մի շարք այլ օրենքներով ու կանոնակարգերով: Ի տարբերություն նախորդ` 1978թ. ընդունված օրենքի, և նկատի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր իրողությունները, նոր օրենքում առավել մանրամասն է կանոնակարգված պատմամշակութային հուշարձաններին առնչվող սուբյեկտների իրավասությունները, հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նկատմամբ սեփականատիրական խնդիրները: Այդ նույն օրենքի դրույթների հիման վրա մշակվել և 2002թ. ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը» ինչպես նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի համապատասխան ենթագլուխները: Բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունք էր նաև 2003թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքը: Բնագավառի օրենսդրական դաշտը սրանով չի սպառվում: Մշակութային և բնության ժառանգության պահպանման վերաբերյալ համապատասխան հոդվածներ կան նաև քաղաքացիական, քրեական և վարչական օրենսգրքերում, ինչպես նաև տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքներում: Թեև մշակվեց և փորձ արվեց ՀՀ կառավարություն ներկայացնել «Հնագիտական ժառանգության ուսումնասիրության և պեղումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, տալով ոլորտի հիմնական սահմանումները, նպատակ ուներ կարգավորել հնագիտական ժառանգության ուսումնասիրության ու պեղումների հետ կապված հարաբերությունները, սահմանել բնագավառի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, սակայն այն գնահատվեց ոչ-նպատակահարմար և հետ կանչվեց: Մինչդեռ, այս օրենքը ևս օրենսդրության կատարելագործման քայլ էր և թելադրված էր Հայաստանի բացառիկ հարուստ հնագիտական ժառանգության պահպանության անհրաժեշտությամբ: Օրենսդրական հենքից զատ, հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանությունը հենվում է նաև ժամանակակից փորձի և ուսմունքի վրա, ինչն, անշուշտ, խարսխվում է պահպանության միջազգային սկզբունքներին վերաբերող ամենաներկայացուցչական փաստաթղթի` Վենետիկի խարտիայի վրա: 2001թ. ստեղծվեց ԻԿՕՄՕՍ/Հայաստանը, որը հանրապետության պատկան մարմինների ու հասարակական այլ կազմակերպությունների հետ միասին ծառայում է ժառանգության պահպանության գործին: Պատահական չէ, որ ոլորտի ճանաչված շատ մասնագետներ անմիջապես անդամակցեցին ԻԿՕՄՕՍ/Հայաստանին: Մշակութային ժառանգության պահպանությունը բոլոր երկրներում ազգային պարտավորություն է և այսօր ամենուր հնչող այն հարցը, թե ինչպես վերաբերել հուշարձաններին ու նրանց միջավայրին, չի կարող հետաքրքրություն չներկայացնել նաև Հայաստանի համար, ուր այս բնագավառին իր մարտահրավերներն է նետում տնտեսական զարգացումը: Բազմաթիվ օրինակներ թեև վկայում են, որ հուշարձանների և տեսարժան վայրերի օրենսդրական և մեթոդական պաշտպանվածությունը գրանցել է առաջընթաց, սակայն դեռևս նմանօրինակ զուգահեռներ չունենք, երբ խոսքը վերաբերում է դրանց գործնական պահպանությանը մշակութային տուրիզմի զարգացման համատեքստում: Կարո±ղ է արդյոք մշակութային տուրիզմը Հայաստանում աշխատել որպես ժառանգության պահպանության խթանիչ: Հայաստանի շատ շրջաններ ունեն բոլոր նախադրյալներն ու իրական հնարավորությունները էկոտուրիզմի զարգացման համար` լանդշաֆտի բարեկարգման միջոցով, ագրոտուրիզմի համար` հիմնվելով բացօթյա հանգստի վրա, մշակութային տուրիզմի համար` հիմնվելով հուշարձանների և տեսարժան վայրերի վրա: Մշակութային տուրիզմի միջազգային խարտիան հստակորեն նշում է. «Տուրիզմը կարող է որսալ ժառանգության տնտեսական բնութագիրիչները, դրանք օգտագործել այդ իսկ ժառանգության պահպանության համար` ստեղծելով նոր ռեսուրսներ, զարգացնելով կրթությունը և ուղղվածություն տալով քաղաքականությանը: Աշխարհի շատ երկրների ու ռեգիոնների համար տուրիզմն այսօր հիմնական տնտեսական նպատակ է և, հաջող կառավարման դեպքում, կարող է դառնալ զարգացման կարևոր գործոն»: Այս համատեքստում տեղին ենք համարում պարզապես ներկայացնել մի ուսումնասիրության տվյալներ, որ վերջին տասնամյակում անցկացվել է Հայաստանի մարզերում` «Մշակութային ժառանգություն, զբոսաշրջություն. ռեսուրսներ և սպառնալիքներ» թեմայով: Հայաստանի կառավարության կողմից տուրիզմը հայտարարվել է տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: ՀՀ կառավարության կողմից 2000թ. հավանության արժանացած §Հայաստանի Հանրապետությունում տուրիզմի զարգացման¦ պետական ծրագրում ռազմավարական մեծ նշանակություն և կարևորություն է տրվում տուրիզմի տարատեսակների զարգացմանը` որպես տնտեսության զարգացման խթան: Ավելին` գյուղական, մասնավորապես բարձրլեռնային, բնակավայրերի տնտեսական զարգացման խթանող գործոն է ընդունված տուրիզմի ոլորտը: Բայց, եթե նկատի ունենանք խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած տուրիստական ցանցի քայքայվածությունը և համակարգի կառուցվածքի փլուզումը, ինչպես նաև տուրիստների հոսքը կանխատեսող չափորոշիչների փոփոխությունը, պարզ է դառնում, որ այդ համակարգը վերստին պետք է կայանա: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Իտալիայի Մշակույթի և կայուն զարգացման հիմնադրամի հովանավորությամբ, Միլանի «Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը» ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ուսումնասիրել է Հայաստանի տուրիստական վայրերի նկատմամբ արտասահմանցիների հետաքրքրության արդյունքները` նպատակ ունենալով վեր հանել Հայաստանում տուրիզմի այն առանձնահատկություններն ու ծառայությունները, որոնց բարելավումով հնարավոր կլինի տուրիզմը երկրի մշակութային վայրերում դարձնել առավել հրապուրիչ: Միաժամանակ կատարվել է արագ ու չվերահսկվող տուրիզմի սպառնալիքների վերլուծություն: Հետազոտության նպատակներից մեկն էր նաև պարզել, թե որքանով են հայերը իրենց երկրում կարևորում մշակութային ժառանգության վայրերի պահպանությունը: Հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի ու Եվրոպական տուրիստական գործակալությունների հետ, դրսում/փողոցում հարցեր են տրվել արտասահմանցի տուրիստների, ինչպես նաև հնարավոր տուրիստների Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանը տուրիստներին գրավում է իր ուրույն մշակութային հուշարձաններով և բնապատկերներով: Թեև օդային երթևեկության բարձր գները շատ անհատների դեռևս հետ են պահում Հայաստան այցելելուց, այնուհանդերձ երկիրը կարող է հայտնվել մշակութային և բնական պաշարների գերշահագործման վտանգի առջև: Հայաստանում դեռևս ծանոթ չեն մշակութային վայրերում մարդկային ու տրանսպորտային կուտակումների հետևանքով առաջացող խցանումներին և տուրիզմի զարգացման սպառնալիքներին: Հետազոտությամբ վեր հանված հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այցելուներն ու հնարավոր այցելուները կարևորում են մշակութային հուշարձանների պահպանությունը: Նրանք համոզված են, որ հուշարձանների պահպանության վիճակը պայմանավորում է Հայաստան կատարած այցի որակը և, նույնիսկ, երկիր կրկին այցելելու որոշումը: Ավելին. շատերը պատրաստ են դրամական նվիրատվություն թողնել հուշարձանների պահպանության համար: Հետազոտությունը հաստատում է, որ առավելագույն ջանքեր են հարկավոր մշակութային և ճարտարապետական ժառանգության պահպանման և տուրիզմի զարգացման ու երթուղիների նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար: Ի տարբերություն աշխարհի այլ վայրերի, ուր ճարտարապետական հուշարձանները հիմնականում կուտակված են քաղաքային վայրերում, Հայաստանում դրանց տոկոսը բավականին բարձր է հենց գյուղական վայրերում: Ելնելով Մշակութային տուրիզմի միջազգային խարտիայի այն սկզբունքից, որ «Հյուընկալողներն ու տեղական բնակչությունը պետք է մասնակցեն ժառանգության վայրերի շահագործման տուրիստական արժևորման ծրագրերին»` ծրագրի կատարողները իրականացրել են նաև «Հայաստանի գյուղական վայրերի մշակութային ժառանգության կառավարում և սոցիալ-տնտեսական վերականգնում» հետազոտությունը` նպատակ ունենալով պարզել գյուղական համայնքներում աշխատատեղերի և եկամտի նոր աղբյուրների ստեղծման հնարավորությունները` տեղական մշակութային ռեսուրսների օգտագործմամբ: Փորձնական ծրագիր է իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղում, որն ունի 1200 բնակիչ և որտեղ մշակութային ժառանգությունը կարող է մեծ դեր խաղալ գյուղում շահութաբեր գործունեություն ծավալելու համար: Մենք ունենք այսպիսի տվյալներ` միայն 2000-2001թթ. ընթացքում գյուղ են այցելել 17000 այցելուներ: Հետևողական աջակցության արդյունքում Տաթև գյուղում ստեղծվել են փոքրիկ ռեստորան և 3 իջևանատներ: Սա ցույց է տալիս, որ սոցիալական, տեխնիկական, ենթակառուցվածքների և կառավարման խնդիրներին ուղղված նպատակային ջանքերը բերում են ակնհայտ արդյունքների: Վերջին տարիներին, 2006թ. ամռանը, գյուղական համայնքներում կայուն տուրիզմի ապահովման հետազոտություն է իրականացրել նաև Իտալիայի Կարո Կատանեո համալսարանը` պրոֆեսոր Դիպակ Պանտի ղեկավարությամբ, ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և Շիրակի մարզպետարանի սերտ աջակցությամ, Շիրակի մարզի 3 գյուղերում /Վահրամաբերդ-Մարմաշեն-Կապս/: Գյումրի քաղաքի մոտակայքում գտնվող այս 3 գյուղերը հայտնի են ազգային ճարտարապետության նշանավոր հուշարձանով` Մարմաշենի վանական համալիրով և գեղատեսիլ բնապատկերներով: Տարածքն ունի տնտեսական հնարավորություններ` եթե մաքրվի, կանաչապատվի և զարգանա որպես էկո-մշակութային և գյուղական տուրիստական գոտի: Գյումրին ինքը պատմականորեն կարևոր քաղաք է, մշակութային և տնտեսական առումներով նույնքան կարևոր, որքան և Երևանը: Մասսայական տուրիզմն այստեղ դժվար թե հաջողություն ունենա` խիստ ձմեռային կլիմայի և սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով: Հետազոտության արդյունքները սակայն փաստում են, որ բնություն-մշակույթ ուղղվածությամբ տուրիզմի որոշակի տեսակները այս շրջանի համար կարող են եկամտի աղբյուր հանդիսանալ /բացօթյա հանգիստ, մշակութային այցելություններ, ուսումնական զբոսանքներ, պատմական հուշարձանների գնահատում, գյուղական կյանքի համն ու հոտը, տեղական արտադրանքն ու արհեստները/: Մշակութային–ճանաչողական տուրիստական համակարգի ձևավորումը Հայաստանի օրինակում կարևորվում է մասնավորապես լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի վերականգնման և զարգացման գործընթացներում: Թեկուզև փոքրաքանակ աշխատատեղերի ստեղծումը միջոց է կանխելու գյուղական բնակաչության աննախադեպ արտագաղթը: Դիցուք բոլորովին վերջերս Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի երիտասարդ գիտաշխատողներից մեկը, իրականացնելով համապատասխան հետազոտություն ՀՀ լեռնային մարզերից մեկի` Սյունիքի օրինակում, եզրակացնում է, որ տուրիզմը կարող է ապահովել աշխատատեղեր մարզի աշխատունակ տարիքի բնակչության 10 տոկոսի համար և զուտ տուրիստական գործունեությունից ապահովել մոտ 750000 ԱՄՆ դոլար մուտքեր պետական բյուջե: Ի վերջո տուրիստական երթուղիների ցանցի ընդլայնմամբ ու զարգացմամբ ձևավորվում է ճարտարապետալանդշաֆտային, գեղագիտական և ֆունկցիոնալ հատակագծային կառուցվածք, այսինքն` այն միջավայրը, որում մենք ապրում ենք: «Տուրիստական խրախուսման ծրագրերը պետք է պահպանեն և արժևորեն բնության ու մշակութային ժառանգությունը». սա է մշակութային տուրիզմի միջազգային խարտիայի սկզբունքներից վերջինը, բայց և առաջնայինը: Մենք պետք է կարողանանք հնարավորինս խույս տալ հուշարձանների համար սպառնալի պարտադրանքներից, ներկա կարիքները չպետք է խաթարեն ապագա սերունդների կարիքները: Մասնավորապես փաստ է, որ հուշարձանները, տեսարժան վայրերը, քաղաքային համակառույցները և բնապատկերը շրջափակող միջավայրի կառավարումը պահանջում է մոտեցումներ, որոնք պետք է բախվեն բազում շահերի, ներառյալ սեփականատերերին: Դրանք շատ դեպքերում հանգեցնում են հուշարձանների մշակութային և ֆիզիկական միջավայրը վնասող սոցիալ-տնտեսական ձևափոխումների, ինչի հետ շատ դեպքերում առնչվում ենք նաև Հայաստանում: Սոցիալ-տնտեսական պարտադրանքները հաճախ հանգեցնում են այնպիսի ձևափոխման, որն անմիջապես ունենում է ծանր հետևանքներ հուշարձանային ընդարձակ տարածքների համար` լինեն դրանք քաղաքային, գյուղական կամ նույնիսկ բնական, ներառյալ` փոփոխվող լանդշաֆտները, որոնք համարվում են մշակութային ճանապարհներ: Հատուկ ուշադրության և աճող մտահոգության առարկա է հանդիսանում նաև բնական աղետների հետևանքով ամայացած ու տուժած վայրերի վերակառուցումը. հրատապությունը հաճախ պարտադրում է մի կողմ թողնել մշակութային ընդգրկումներն ու ավանդույթները` ի նպաստ նոր տեխնոլոգիաների: Այս ամենը կրկին պարտադրում է հրաժարվել որոշ սկզբունքներից: Չնայած մեր մասնագիտությանը նետած մարտահրավերներին, հուշարձանների և տեսարժան վայրերի ու նրանց միջավայրի պահպանությունն այսօր ընդհանուր մտահոգության առարկա է, որը պահանջում է նոր միջոցների մշակում և համագործակցություն: Պետք է անկեղծորեն հուսալ, որ ԵՄ ֆինանսավորմամբ կյանքի կոչված «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության» նախագիծը իրապես կդառնա համագործակցության հարթակ և կնպաստի հուշարձանների և պատմական միջավայրի հավասարակշռված ու ներդաշնակ պահպանությանը, ինչպես նաև այս բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների լուսաբանմանն ու հաջողված փորձի փոխանակմանը: ![]() Ամբերդ ամրոց, 10դ. ![]() Ամբերդ ամրոց, 10դ. ![]() Վահանավանք, 10-11դդ. ![]() Հալիձոր, 17-18դդ. |
![]() European Union EU is not responsible for the content of this website | |||||||||||
| ||||||||||||
|