Regional Co-operation for Cultural Heritage Development
რეგიონალური თანამშრომლობა კულტურული მემკვიდრეობის განვითარებისათვის
Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման
Національна політика щодо культурної спадщини
Mədəni irsin inkişaf Etdimilməsi üçün regional əməkdaşlıq
Рэгіянальнае супрацоўніцтва ў мэтах развіцця культурнай спадчыны
 
E- Journal №2
Architectural Heritage
Հայաստանի հետխորհրդային ճարտարապետությունը` անկախության ազատ լեզու թե՞ ինքնության ոչնչացում

Նունե Չիլինգարյան
ԻԿՕՄՕՍ Հայաստան
Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարան


Վերջին երկու տասնամյակները Հայաստանի համար դարձան բոլոր բնագավառներում արժեքների վերագնահատման լարված ժամանակաշրջան: Անկախ պետականության ունենալու դարավոր իղձի իրականացումը դրական փոփոխությունների հետ մեկտեղ խթանեց որոշ դեստրուկտիվ գործընթացներ, մասնավորապես ժառանգության պահպանության բնագավառում: Սրանք նախ և առաջ անդրադարցան մայրաքաղաքի արագ փոփոխվող կերպարի վրա`հետագայում տարածվելով հանրապետության մյուս շրջաններում: Փորձենք հասկանալ այս գործընթացների բնույթը և հետևանքները, պատասխանելով հետևյալ հարցերին`

  • Ճարտարապետական արժեքների նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ենք ժառանգել խորհրդային շրջանից;
  • Ինչպե՞ս արժևորել ժառանգությունը, որն այսօր դարձել է համատարած “արդիականացման” թիրախ;
  • Ինչպիսի՞ ճարտարապետական լեզվով է փորձում արտահայտվել նոր, սոցիալիստական նախապաշարմունքներից ազատ հասրակարգը;
  • Ինչպիսի՞ զարգացումներ ապրեցին հասարակական և մասնագիտական կողմնորոշումները ժառանգության նկատմամբ այս երկու տասնամյակների ընթացքում:

Անհրաժեշտ է նշել, որ խորհրդային ժամանակաշրջանում, չնայած բազմաթիվ տնտեսական և գաղափարախոսական բնույթի խնդիրների, դանդաղաշարժ և իներտ վարչական ապարատի, այնուհանդերձ, մշակված էր ժառանգության պահպանության և օգտագործման հստակ քաղաքականություն և մեխանիզմներ: Այդ “դանդաղաշարժության” շնորհիվ գրեթե անհնարին էր ինքնաբուխ, մասնագիտորեն չհիմնավորված որոշումների ընդունումը ժառանգության բոլոր տեսակների վերաբերյալ` անկախ ստեղծման ժամանակաշրջանից: Այսպիսով, պարադոքսային կերպով, լճացումը ժառանգության ապահովության երաշխիքն էր:

Մասնագետները և հասարակությունն ընդհանրապես ոչ միանշանակ վերաբերմունք ունեին, մասնավորապես, Երևան քաղաքի ճարտարապետական արժեքների նկատմամբ: 1960-ական թվականների առավել ակտիվ նախագծային գործունեությամբ զբաղվող ճարտարապետների մեծ մասը մայրաքաղաքի ժառանգությունը /բացառությամբ`պաշտամունքային կառույցները/ համարում էր հնամաշ “բալաստ”, որից անհրաժեշտ է շուտափույտ ազատվել` Երևանի աարդիականացումն արագացնելու նպատակով: Այս մտածելակերպի հետևանքով էր, որ Երևանի առաջին բարձրահարկ շենքերը հայտվեցին մեծամասամբ քաղաքաշինական տեսանկյունից պատահական տեղերում` աղճատելով արդեն ձևավորված փոքր կենտրոնի ուրվագիծը: Ոչ մասնագիտական հասարակայնության կարծիքը ձևավորվում էր նորակառույցների և բնակեցման պայմանների բարելավման համընդանուր ոգևորության ազդեցության տակ:

Միայն ճարտարապետների և քաղաքաշինարարների փոքրաթիվ մի խմբի, ինչպես նաև իշխանության առավել առաջադեմ ներկայացուցիչների հակադրության շնորհիվ է, որ այսօր դեռևս գոյատևում է ժառանգության կրճատված մասը, որը, չնայած այսօրվա չափազանց անբարենպաստ միջավայրի, դեռևս հանդիսանում է մայրաքաղաքի այցեքարտը և նրա հնամենի հարուստ պատմության ապացույցը:

Հակառակ արևմտյան երկրներում տարածված կարծիքի, որ տոտալիտար խորհրդային ռեժիմի պայմաններում ճնշվում էին մասնագիտական կարծիքն ու ստեղծագործական միտքը, վերակառուցման և վերանորոգման առավել նշանավոր նախագծերը մինչ վերջնական հաստատումը պարտադիր կարգով ներկայացվում էին հասարակական քննարկման: Ճարտարապետների Միության եզրակացությունը կարևոր նշանակություն ուներ վերջնական որոշման կայացման համար: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը խորհրդային ժամանակաշրջանում նախ և առաջ մասնագիտության ներկայացուցիչն էր իշխանության համակարգում: Մինչդեռ այսօր նա հանդես է գալիս որպես իշխանության ներկայացուցիչ, որի հիմնական առաքելությունը պետական մարմինների կողմից արդեն հավանության արժանացած ծրագրերի ճարտարապետական ձևավորումն ու նյութական մարմնավորումն է` դեպքերի մեծամասնությունում հակառակվելով մասնագիտական և հասարակական կարծիքին:

Խորհրդային ժամանակաշրջանում (1920-1991թթ) ստեղծված ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությունն ունի հարուստ ոճական բազմազանություն, որը ձևավորվել է ազգային գեղարվեստական ավանդույթների պահպանման և հայկական մոդերնիզմի նոր “բառապաշարի” ստեղծման երկու գլխավոր միտումների փոխազդեցության ներքո: 1924-1965թթ-ին գերիշխում էր այսպես կոչված նեոկլասիկ ուղղությունը, որը հայկական միջնադարյան և եվրոպական կլասիցիզմի ճարտարապետության յուրօրինակ վերաիմաստավորում էր: 1930-1940թթ-ի ընթացքում այս հոսանքին միացան նաև հայկական կոնստրուկտիվիզմի փոքրաթիվ, սակայն չափազանց արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործությունները: 1965-ից` 1988թթ-ի ժամանակաշրջանը կարելի է համարել ճարտարապետական համարձակ փորձերի, նոր շինարարական տեխնոլոգիաների կիրառման, խոշոր բետոնե և ապակյա ծավալներով միջավայրի նորովի ձևավորման փուլ:

Անկախության հռչակումից հետո առաջին տարիների ընթացքում արդյունաբերական պոտենցիալից գրեթե զուրկ երկրի տնտեսական զարգացման հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն էր և անշարժ գույքի շուկան: Վերջինս դառնում է ճարտարապետական արժեքների նկատմամբ “ճկուն” քաղաքականության առաջացման հիմնական պատճառը: Ազգային ինքնության հիմնաքար հադիսացող ճարտարապետական ժառանգությունը դառնում է ամենախոցելի և անպաշտպան բնագավառը: Կարևոր է նշել, որ նման “ազատ” վերաբերմունքի, այլ կերպ ասած, կործանարար “արդիականացման” զոհ դարձան ժառանգության բոլոր շերտերը, ներառյալ խորհրդային ժամանակաշրջանի կառույցները: Այս երևույթը չունի զուտ գաղափարախոսական բնույթ: Պարզապես վերջերս իրականացված, “երիտասարդ” խորհրդային ժառանգությունը դեռևս իր արժանի տեղը չէր գտել և չէր կարևորվել նոր ձևավորված հասարակության և իշխանության կողմից:

Զանգվածային մոդերիզացիայի գործընթացի “հիմքերը դրվեցին” մի բախտորոշ իրադարձությամբ, որն ուներ, առաջին հայացքից, զուտ ընթացիկ իրավաբանական բնույթ: 2000թ-ին բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները պետք է որոշակի ժամանակահատվածում Կառավարւթյան վերահաստատմանը ներկայացնեին խորհրդային տարիներին ընդունված որոշումներն ու նորմատիվ ակտերը: 1990թ-ին, ՍՍՀՄ փլուզումից ընդամենը մեկ տարի առաջ, Երևանի քաղաքային խորհրդի պատվերով մշակվել և հաստատվել էր “Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը” /Հեղինակներ` Ա.Գրիգորյան, Հ.Սանամյան/, որի կազմում նաև 871 պատմամշակութային հուշարձանների ցանկը /ներառյալ խորհրդային շրջանի 457 հուշարձաններ/`վերջիններիս նշանակության, պահպանության և օգտագործման սկզբունքների մանրամասն նկարագրությամբ: Նոր քաղաքային իշխանությունը, լինելով, ըստ էության նախագծի պատվիրատուն և նրա իրականացման ամենա շահագրգրված կողմը, այնուհանդերձ, այն սահմանված կարգով չներկայացրեց Կառավարության վերահաստատմանը և հայտարեց Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկը ուժը կորցրած: Արդյունքում` նախադեպը չունեցող իրավիճակ. Երևան քաղաքը չորս տարվա ընթացքում իրավաբանական տեսանկյունից ընդհանրապես “զուրկ էր” ժառանգությունից:

Այս ժամանակաշրջանում մայրաքաղաքը չափազանց ձգողական է դառնում արտերկրի ներդնողների, մասնավորապես սփյուռքի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում էին ներդնումներ կատարել երկու հիմնական ուղղությամբ` եկեղեցաշինության կամ Երևանի պատմական կենտրոնում շինարարության համար: Ավելի ուշ այս եկամտաբեր գործընթացը շարունակեցին նոր ձևավորված հայկական ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչները:

Երևանի հուշարձանների նոր, զգալիորեն կրճատված ցանկը հաստատվեց 2004թ-ին: Նախկին 457 հուշարձաններից նոր ցանկում ընգրկված են 370-ը, մնացած

87-ը կորցրել են իրենց կարգավիճակը: Սակայն միամտություն կլինի մտածել, թե նոր ցանկում ընդգրկված կառույցներն ու համալիրները հուսալիորեն պաշտպանված են: Տարիների ընթացքում մշակվել է շատ “արդյունավետ” մեխանիզմ, որը սեփականատերերին հնարավորություն է տալիս առանց մեծ բարդությունների վերակառուցել, քանդել կամ այլ կառույցով “փոխարինել” հուշարձանը: Պարզապես պետք է հետևողական կերպով քայլեր ձեռնարկել այն հուշարձանների ցուցակից օրենքով հաստատված կարգով հանելու համար: Կա նաև մեկ այլ, ոչ պակաս արդյունավետ ճանապարհ` սկսել վերակառուցումը /ձևափոխումը, քանդումը/` միաժամանակ հայտարարելով, որ իրականացվում են հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:

Փորձենք ներկայացնել Երևանի խորհրդային ժառանգության արդիականացման կարճ ժամանակագրությունը և հասարակական կարծիքի էվոլյուցիան մի քանի օրինակներով:

Նկ.1 “Երևան” /”Ինտուրիստ”/ հյուրանոց, կառուցվել է 1928թ, հեղինակ` Ն.Բունիաթյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Ընդգրկված է 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-1999թ-ին վաճառվել է արտասահմանյան ընկերությանը
-Վերանորոգվել է 1999-2000թթ, նախագծի հեղինակ` Ն.Չիլինգարյան

Սա հետխորհրդային շրջանի նմանատիպ մեծածավալ վերանորոգման առաջին փորձն էր: Անհրաժեշտ է նշել, որ վերանորոգման աշխատանքները ավարտվել են հուշարձանների նախկին ցուցակը ուժը կորցրած համարելուց առաջ: Այնուհանդերձ, վերանորոգման նախագծի հեղինակը լուրջ դժվարությունների առջև կանգնեց կառույցի սկզբնական տեսքը պահպանելու համար:

Նկ.2. “Սևան” հյուրանոց, կառուցվել է 1930-1934թթ, հեղինակ` Ն.Բունիաթյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Չի ընդգրկված 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Սեփականաշնորհվել է 1995թ-ին
-Քանդման աշխատանքնրը սկսվել են 2004թ-ին Երևանի կենտրոնի թաղապետի թույլտվությամբ

“Սևան” հյուրանոցի քանդումն առաջացրեց հասարակության և լրատվամիջոցների բուռն, սակայն անկազմակերպ բողոք և քննարկումներ: Նոր գործարար կենտրոնի նախագիծը մինչ օրս չի հաստատված, անհայտ պատճառներով շինարարությունը սառեցված է:

Նկ.3. “Երիտասարդության պալատ”, կառուցվել է 1979թ-ին, հեղինակներ`Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, Հ.Պողոսյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Չի ընդգրկված 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-2004թ-ին վաճառվել է արտասահմանյան ընկերությանը
-Քանդվել է 2006թ-ին Երևանի քաղաքապետի թույտվությամբ

Նկ.4. “Ռոսիա” կինոթատրոն, կառուցվել է 1974թ-ին, հեղինակներ`Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, Հ.Պողոսյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Չի ընդգրկված 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Սեփականաշնորհվել է 2004թ-ին
-Վերափոխվել է “Այրարատ” առևտրի կենտրոնի

Սա Երևանի շինարարական “հիստերիայի” ժամանակաշրջանում առևտրի կենտրոնի վերածված և ճարտարապետական դեգրադացիայի ենթարկված բազմաթիվ օրինակներից մեկն է: Նախկին կինոթատրոնին կցակառույցների և հավելումների իրականացումը շարունակվում է մինչ օրս`աղավաղելով եզակի կոնստրուկտիվ համակարգ ու կերպար ունեցող համալիրը:

Նկ.5.”Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճ, կառուցվել է 1966թ-ին, հեղինակներ` Թ.Գևորգյան, Ս.Կնտեղցյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Ընդգրկված է 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Կառավարության որոշմամբ 2010թ-ին հանված է հուշարձանների ցանկից

Բացօդյա սրճարանի յուրօրինակ ծածկը քանդվել է 1990-ականների սկզբին` “Մոսկվա” կինոթատրոնի լրացուցիչ ելքեր կազմակերպելու անհրաժեշտության պատրվակով: 2010թ-ին ամառային դահլիճի քանդումը կանխարգելվեց Երևանի բնակիչների ավելի քան 20000 ստորագրությունների շնորհիվ: Այս բողոքի ակցիայի նախաձեռնողները երիտասարդներն էին, որոնց միացավ մտավորականությունը: Ամառային դահլիճը քանդումից փրկելու փաստը կարելի է դիտել որպես հասարակական կարծիքի առաջին, սակայն ոչ վերջնկան հաղթանակի օրինակ, քանի որ մինչ օրս կառույցի ճակատագիրը որոշված չէ, և այն չի վերականգնված Երևանի հուշարձանների ցանկում:

Նկ.6. Կենտրոնական ծածկած շուկա, կառուցվել է 1952թ-ին, հեղինակներ` Գ.Աղաբաբյան, Ա.Առաքելյան
-Ընդգրկված է 1990թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Ընդգրկված է 2004թ-ի Երևանի հուշարձանների ցանկում
-Սեփականաշնորհվել է 2010թ-ին
-Քանդման աշխատանքները սկսվել են 2011թ-ին և շարունակվում են մինչ օրս:

Բողոքի բազմաթիվ ցույցերի և լրատվամիջոցներում լայն քննարկումների արդյունքում սեփականատերը հավատացրեց քաղաքացիներին, որ վերանորոգումից հետո կառույցը կվերգտնի իր նախնական տեսքը: Սակայն տարածքում կատարվող աշխատանքները ամենևին վերանորոգում չեն հիշեցնում:

Անկասկած, հասարակությունը սթափվել է առաջին կորուստների ցնցումից: Վերջինս կարծես խթանեց և կազմավորեց նաև լրատվամիջոցների վերաբերմունքը խնդրին: Մասնավորապես, ՄԵԴԻԱՄԱՔՍ ընկերությունը ամեն շաբաթ “Երևան 20-րդ դար” ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի նշանավոր կառույցներից մեկը ներկայացնում է լայն պատմական և մշակութային համատեքստում:

Սրան համընթաց շարունակվում է մայրաքաղաքի ժառանգության “վերաիմաստավորումը”: Երևանը շարունակում է խտանալ և տձևանալ, ներդնոները ավելի և ավելի ակտիվորեն են “արդիականացնում” հուշարձանները, դրանց պաշտպանող ակտիվիստները դառնում են ավելի փորձված և կազմակերպված: Ու՞ր են տանում այս զարգացումները:

Մի գուցե մի նոր ցնցման ժամանա՞կն է: Ժամանակն է ողջ ժառանգությանը տալ անձեռնմխելի պաշտամունքային օբյեկտի կարգավիճա՞կ: Այլկերպ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը շատ շուտով կխոսի բոլորի համար միանգամայն հասկանալի և “արդիական”, սակայն որևէ մեկի համար հետաքրքրություն չներկայացնող ճարտարապետական լեզվով:

Նկ.1 “Երևան” /”Ինտուրիստ”/ հյուրանոց, կառուցվել է 1928թ, հեղինակ` Ն.Բունիաթյան
Նկ.2. “Սևան” հյուրանոց, կառուցվել է 1930-1934թթ, հեղինակ` Ն.Բունիաթյան
Նկ.3. “Երիտասարդության պալատ”, կառուցվել է 1979թ-ին, հեղինակներ`Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, Հ.Պողոսյան
Նկ.4. “Ռոսիա” կինոթատրոն, կառուցվել է 1974թ-ին, հեղինակներ`Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, Հ.Պողոսյան
Նկ.5.”Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճ, կառուցվել է 1966թ-ին, հեղինակներ` Թ.Գևորգյան, Ս.Կնտեղցյան
Նկ.6. Կենտրոնական ծածկած շուկա, կառուցվել է 1952թ-ին, հեղինակներ` Գ.Աղաբաբյան, Ա.Առաքելյան
RCCHD Project:
Office 16b, Betlemi ascent, 0105 Tbilisi, Georgia
Tel.: +995 32 2-98-45-27
E-mail: rcchd@icomos.org.ge
© 2012 - Eastern Partnership Culture Programme